ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացել է «Հայկական բլոկչեյն» առաջին միջազգային համաժողովը:
Համաժողովը բացել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Կարայանը։
«Հայկական բլոկչեյն» համաժողովը միասնական հարթակ է, որտեղ համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ազատորեն փոխանակել իրենց փորձը և քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենաարդիական հարցերը, որոնք ներկայումս մեծ նշանակություն ունեն թվային ինդուստրիայի, այդ թվում՝ ապակենտրոնացված տեխնոլոգիաների ձևավորման և զարգացման համար», – իր բացման խոսքում, ողջունելով մասնակիցներին, նշել է Սուրեն Կարայանը:
Առաջին անգամ Երևանում հավաքվել էին բլոկչեյն տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի ոլորտի ավելի քան 600 մասնագետներ և փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Չինաստանից, Շվեյցարիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Հոնգկոնգից և այլն:
Համաժողովի առանցքային հարցը բլոկչեյն ինդուստրիայի զարգացման ռազմավարության քննարկումն էր Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում, որտեղ, շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների, հնարավորություն է ստեղծվել գրանցելու իրական տնտեսական առաջընթաց և կառուցելու կայուն տնտեսություն:
Միջոցառման ծրագիրը ներառում էր 3 աշխատանքային սեկցիա, որոնք նվիրված էին բլոկչեյն ինդուստրիայի ապագայի, աշխարհում այս տեխնոլոգիայի ունեցած դերի, կրիպտոարժույթներում ներդրումների և ICO նախագծերի վերաբերյալ:
Անց են կացվել նաև 12 կրթական վարպետության դասեր և Roadshow, որտեղ 15 ստարտափ թիմեր հնարավորություն ունեցան իրենց նախագծերը ներկայացնելու աշխարհի 20 երկրներից ժամանած պրոֆեսիոնալ ներդրողներին, որոնց թվում են ասիական 3 թոփ ներդրողները: Համաժողովի մասնակից հիմնադրամների միասնական գումարային կապիտալը գերազանցում է 10 մլրդ ԱՄՆ դոլարը: Roadshow-ի արդյունքներով լավագույն ստարտափ թիմերը պարգևատրվեցին «Օսնովա» ընկերությունների խմբի կողմից:
Համաժողովի կարևորագույն միջոցառումներից էր IBM ընկերության հետ համատեղ Blockchain Open University-ի (Բլոկչեյնի բաց համալսարան) ստեղծման և զարգացման վերաբերյալ հուշագրի ստորագրումը:
Blockchain Open University-ն իրենից ներկայացնում է կրթական ծրագրերի հարթակ, որը նախատեսված է բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի տեխնիկական մասնագետների համար և ապահովելու է ինչպես բազային մակարդակի գիտելիքներ, այնպես էլ աջակցելու է աշխատակիցների պրոֆեսիոնալ թիմի ձևավորմանը, որն ունակ կլինի լուծելու բարդագույն բիզնես խնդիրներ՝ հիմնվելով տարբեր տեխնոլոգիական պլատֆորմների վրա:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին