Գյումրեցի ցուցարարները այսօր բողոքի երթը դարձյալ սկսեցին Թատերական հրապարակից: Նրանք շարժվեցին Գյումրու քաղաքապետարան, ներս մտնելով, նստացույց անելով եւ գործադուլ անելու պահանջ ներկայացնելով: Նրանք նաեւ ներկայացրին Նիկոլի վարչապետ դառնալու եւ ՀՀԿ-ի հեռանալու պահանջը:
Կարճ ժամանակ անց իր առանձնասենյակից ներքեւ իջավ փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, որը հետաքրքրվեց, թե ինչ են պահանջում ցուցարարները: Վերջիններս սկսեցին բացականչել՝ «Գործադուլ, գործադուլ»:
Ռուբեն Սանոյանն ասաց, որ իրենք ազատ են թողել քաղաքապետարանի աշխատակիցներին, բռնություններ չկան նրանց կամքի վրա եւ եթե ցանկանան՝ կգան կմիանան:
«Գործադուլը պարտադրելով չէ»,- ասաց փոխքաղաքապետը:
Ցուցարարները հարցրին՝ իսկ դո՞ւք ինչու չեք հայտարարում գործադուլ: Ռուբեն Սանոյանն ասաց, որ սա քաղաք է, խանութ չէ, որ երկու օր փակ պահես, քաղաքին անհրաժեշտ է տիրություն անել, մաքրել, փողոցաշինությունը չդադարեցնել, քանի որ նորմալ եղանակային պայմաններ է: «Ձեզանից էլ շատ եմ փողոցներում»,- հայտարարեց փոխքաղաքապետը: Ցուցարարներից մեկը՝ տարեց մի տղամարդ, սկսեց հակաճառել, որին ի պատասխան ցուցարարները սկսեցին բացականչել՝ «ամոթ, ամոթ»:
«Եթե կաշառակեր լինեինք, այդ դեպքում ասեիք ամոթ, մենք ամաչելու ոչինչ չունենք»,- զայրացած բացականչեց Գյումրու փոխքաղաքապետը:
Ցուցարարները գործադուլ անելու իրենց պահանջը ներկայացնելուց հետո դուրս եկան քաղաքապետարանից: Այժմ քայլերթով Գյումրու կենտրոնից շարժվում են ծայրամասային Անի թաղամաս:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ