Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ վրա է հույսը դնում Կարեն Կարապետյանը»

Ապրիլ 26,2018 15:30

«Ելքի» անդամները վստահեցնում են, որ նա շանս չունի, անգամ ՀՀԿ-ի ներսում լայն աջակցություն չի վայելում

«Ելք» խմբակցության պատգամավոր, համաժողովրդական շարժման անդամ Արարատ Միրզոյանը «Առավոտի» հետ զրույցում հարցին, թե ինչի՞ վրա է հույս դնում Կարեն Կարապետյանը, արդյո՞ք դրսի ուժերից, մասնավորապես՝ Պուտինից աջակցություն է ստացել եւ չի ուզում իշխանությունը հանձնել՝ պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ դեսպանի հետ ենք հանդիպել, եւ մեզ վստահեցրել են, որ իրենք չեն միջամտում Հայաստանի ներքին գործերին: Ես չգիտեմ՝ նա ինչի վրա է հենվում, գուցե որոշ կապիտալի, ՀՀԿ-ի շրջանում որոշ թիմակիցների, բայց ակնհայտորեն նա չունի լայն աջակցություն նույնիսկ ՀՀԿ-ի շրջանակներում»:

Փաշինյանը երեկ հանրահավաքում ասաց, որ ՀՀԿ խմբակցության որոշ անդամներ հայտարարել են, որ պատրաստ են աջակցել իրեն վարչապետի ընտրության հարցում: Մենք ճշտեցինք՝ նրանք մե՞ծ թիվ են կազմում, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ այո, դրանք բավարար են:

Թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի համաձայնում նախ գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների, կազմել մեծամասնություն եւ ընտրվել վարչապետ՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Նախ պետք է ձեւավորվի կառավարություն: Այս կառավարությունով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվել չեն կարող: Վստահության խնդիր կա»: Հարցին՝ այսօր արդեն ուրիշ Հայաստան է, ժողովրդի ճնշման ներքո նրանք ի վիճակի՞ են ընտրություն կեղծել՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ընտրություններ կանցկացնի նոր ժամանակավոր կառավարությունը»:

Թե միջազգային հանրությունը կո՞ղմ է այն օրակարգին, որն առաջարկում է Փաշինյանը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Միջազգային հանրությունը հարգանքով պետք է վերաբերվի հայ ժողովրդի որոշումներին»:

Ըստ Միրզոյանի՝ այն, ինչ իրենք ասում են, ամբողջությամբ տեղավորվում է ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում: Միրզոյանը վստահեցրեց՝ հաղթանակն անխուսափելի է:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանի խոսքով՝ «Կարեն Կարապետյանը թող ինքը պատասխանի, թե ինքը հույսն ինչի վրա է դրել, որովհետեւ ես կարծում եմ, որ որեւէ հույսի նշույլ չպետք է ունենա Կարեն Կարապետյանը, շանսեր չունի»:

Դիտարկմանը, որ նա վկայակոչում է Սահմանադրությունը, ասում է, որ այդպես վարչապետ չեն ընտրում, դա Սահմանադրության խախտում է՝ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ընտրության օրը կգա, եւ կտեսնենք, որ դա հենց ժողովրդի թեկնածուն է եղել… ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է հստակ գիտակցեն ժողովրդի պահանջը, իսկ ժողովրդի պահանջն է, որպեսզի ազատ եւ արդար ընտրությունները կազմակերպի նոր ժամանակավոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ես կարծում եմ, որ այլընտրանք պատգամավորները չունեն այս հարցում, որովհետեւ այս պահանջը դրված է ժողովրդի կողմից»:

Ավինյանն ասաց, որ ՀՅԴ-ն ոչ միայն կոալիցիայից դուրս եկավ, այլեւ ասաց, որ ժողովրդի թեկնածուի օգտին է քվեարկելու. «Ես կարծում եմ, որ բոլորը պետք է հետեւեն ՀՅԴ-ի օրինակին»: ԲՀԿ-ի հետ կապված Ավինյանն ասաց, որ դեռեւս ժամանակ կա, որ բոլորն իրենց դիրքորոշումները հստակեցնեն. «Այն խմբակցությունները, որոնք կփորձեն ժողովրդի կամքին հակառակ որեւէ քայլ անել, ես կարծում եմ՝ ժողովրդի կողմից իրենց համապատասխան արձագանքը կստանան»:

«Ծառուկյան» դաշինք խմբակցության 31 պատգամավորներից ԱԺ-ում Սերժ Սարգսյանի վարչապետության օգտին քվեարկել էր 12-ը: Այսօր արդեն նրանցից ոմանք, օրինակ, Վարդան Բոստանջյանը հայտարարում է, որ հանգամանքների բերումով ստացվել է, սխալվել է: Տիգրան Ավինյանն այս առնչությամբ ասաց. «Բոլոր մարդիկ ունեն սխալվելու իրավունք, կարեւորը՝ ճիշտ պահին, ճիշտ ժամանակին այդ սխալն ուղղեն: Ոչ մի բանի համար ուշ չէ: Բոլոր խմբակցությունների պատգամավորները պետք է ի կատար ածեն ժողովրդի կամքը»: Արարատ Միրզոյանը նույնպես ողջունեց բոլոր այն պատգամավորներին, խմբակցություններին, որոնք որոշել են աջակցել Փաշինյանին. «Հիմա նոր արտակարգ իրավիճակ է: Նրանց ներել-չներելու խնդիր չկա, կա քաղաքական իրավիճակ, կա համաժողովրդական շարժում, եւ շատ լավ է, որ մյուս քաղաքական ուժերը սա գիտակցում են, սատարում են ժողովրդի թեկնածուին»:

Եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, ինչքան էլ որ ՀՀԿ-ի կազմակերպած ընտրությունների նկատմամբ վստահություն չլինի, այսօր հասարակության ճնշման ներքո հնարավոր չէ՞ արդար, թափանցիկ ընտրություն կազմակերպել եւ վերջ տալ այս անորոշ վիճակին՝ Ավինյանը պատասխանեց. «Այս օրակարգը ձեւավորվել է հենց անվստահության պատճառով ՀՀԿ-ի եւ նրանց նախկինում անցկացրած բոլոր ընտրությունների արդյունքների նկատմամբ: Այստեղ որեւէ այլ հարց չկա, մենք տեսել ենք, թե ինչպիսի ընտրություններ է կազմակերպում ՀՀԿ-ն, եւ մենք նմանատիպ ընտրություններ այլեւս չենք ուզում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

26.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    եթե Կ.Կարապետյանը խոսում է սահմանադրությունից ապա ինքը արդեն խախտում է սահմանադրությունը լինելով վարչապետ/ թեկուզ պաշտոնակատար/ վերջին 4տարում չապրելով հայաստանում

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30