Ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարման այս օրերին իրականացված անհնազանդության գործողությունների ժամանակ ցուցարարներին մահակներով ծեծի ենթարկելու գործին լծված տարբեր բանդաները շարունակում են «չբացահայտված» մնալ։
Մինչ այժմ շարունակում են «անհայտ» մնալ ցուցարարներին ծեծի ենթարկած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) եղբոր՝ Սարգիս Հակոբյանի, նրա ընկերոջ՝ Գագիկ Ազարյանի, Մասիսի քաղաքապետի եղբոր՝ քրեական անցյալով հայտնի Գոռ Համբարձումյանի ինքնությունները։
Մինչ իրավապահները կբացահայտեին Համբարձումյանի ինքնությունը եւ կներկայացնեին վարույթն իրականացնող մարմնին՝ Գոռ Համբարձումյանը, ըստ մամուլի տեղեկությունների, կրկին ցուցարարների է ծեծի ենթարկել՝ այս անգամ էլ Արարատի մարզի Հայանիստ գյուղում։ Ավելին, ըստ մամուլի տեղեկությունների՝ նախօրերին էլ հասցրել է մեկնել Ֆրանսիա։ Գոռ Համբարձումյանը՝ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսայի՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է։
Նա ու նրա հետ նույն մեքենայում գտնվող ուղեւորները ապրիլի 16-ին Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում դուրս եկան եւ հարձակվեցին փողոցը փակած ցուցարար ուսանողների վրա, ծեծեցին եւ հայհոյեցին նրանց։ Պարզվում է, որ այս դեպքով անգամ քրեական գործ չկա հարուցված, դեռ նյութեր են նախապատրաստվում։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ կկայացվի համապատասխան դատավարական որոշում։ Նա նաեւ նշեց, որ վարույթն իրականացվող մարմնին դեռեւս չեն ներկայացվել միջադեպին մասնակից բոլոր անձինք։ Նրանց չի հայտնաբերել եւ վարույթն իրականացնող մարմնին չի փոխանցել ՀՀ ոստիկանությունը, թե ինչ պատճառով՝ պարզել չհաջողվեց։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում