Ապրիլի 22-ին Մոսկվայի հայկական եկեղեցու բակում բախում էր տեղի ունեցել հայ երիտասարդների և ոստիկանության միջև. Azatutyun.am:
«Մերժիր Սերժին» կարգախոսով բողոքի ակցիայի ժամանակ մոտ 60 ցուցարար էր բերման ենթարկվել Մոսկվայի ոստիկանության ստորաբաժանումներ։
Բերման ենթարկվածներից մեկի՝ երկու երեխաների հայր 28-ամյա Ազատ Հակոբյանի դեմ Մոսկվայի իրավապահները, ըստ Հակոբյանի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանի, փորձել են քրեական գործ հարուցել։
«Շատ լուրջ մի հոդվածով՝ իբր նա փորձ է արել մարմնական վնասվածք հասցնել ոստիկանին ծառայության պահին։ Այդ հոդվածը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Իրականում այդ ոստիկանին մարմնական վնասվածք հասցված էր, բայց կարողացանք ապացուցել, որ այդ մարմնական վնասվածքը հասցված է եղել ոչ միտումնավոր, ինչ-որ քաշքշուկների հետևանքով, որի ընթացքում նա ավելի շատ պաշտպանվել է։ Քրեականից ձևակերպեցին որպես վարչական արարք և մենք երեկ երեկոյան ստացանք դատական որոշումը, որ ադմինիստրատիվ կալանք է կրելու՝ ընդամենը տասը օր, որից արդեն երկու թե երեք օրը կրել է, քանի որ նա արդեն գտնվում է ոստիկանությունում, կմտնի դրա մեջ, և մայիսի 3-ին արդեն դուրս կգա։ Նա տուժել է, մեքենան էլ լուրջ վնասված է», – «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը։
Հարցին, թե Հակոբյանն ի՞նչ վիճակում է, փաստաբանը պատասխանեց. – «Նրան լուրջ բժշկական օգնություն չի ցուցաբերվել բերման օրվանից, նա ուղեղի ցնցում էր ստացել, ահագին արյուն է կորցրել, գլխին, դեմքին է հիմնականում հարվածները ստացել»։