Հայաստանում նոր թափով մեկնարկած քաղաքացիական անհնազանդության ակցիաները, որ վերսկսվեցին Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցության տապալումից հետո, փաստացի չեն թողնում այլ ելք՝ ՀՀԿ-ն պետք է հայտարարի վարչապետի թեկնածուի հարցում հրապարակի պահանջը ընդունելու մասին և ձեռնամուխ լինի արդեն իշխանության անցնցում անցման իրական բանակցությունների: Ընդ որում, այստեղ արդեն ՀՀԿ-ն թերևս պետք է բանակցի իր հետագա գործունեության, այսպես ասած, պայմանների շուրջ, ապահովագրվելով հետագա հետապնդումներից, քաղաքական վհուկաորսությունից կամ վենդետաներից:
Կրկնենք, խոսքը քաղաքականի, ոչ թե քրեականի մասին է, որովհետև ծանր հանցագործությունների քննությունն ու բացահայտումը իրավական խնդիր է, որը չպետք է պայմանավորված լինի քաղաքական իրողությամբ, և այս դեպքում իշխանափոխությունը դրա համար լոկ միջոց է, նպաստող հանգամանք: Այդպիսով, ՀՀԿ-ն պետք է այս օրակարգով ընդառաջ գնա հասարակությանը և դառնա ընդդիմություն: Այսինքն՝ այդ օրակարգի պայմաններում ՀՀԿ-ն պահպանում է թերևս ամենակարևորը՝ ընդդիմություն լինելու հնարավորությունը: Այլապես, եթե չլինի այդ օրակարգով ընդառաջ գնալու քաղաքական որոշումը, հրապարակի օրակարգը ՀՀԿ հանդեպ կարող է դառնալ շատ ավելի խիստ, և անգամ միացող նորանոր ուժերը, որոնք կարող են այդ առումով առավել ռադիկալ կամ կոշտ չլինել, կամ դիտարկվել իբրև ապահովության կամ անվտանգության բարձիկ արդեն հրապարակի և ՀՀԿ-ի միջև, օրինակ, ի դեմս «Ծառուկյան» դաշինքի կամ ԲՀԿ-ի, հազիվ թե կարողանան օգտակար լինել Հանրապետականին:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում