Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետական կուսակցությունը պետք է հեռանա երկրի կառավարումից։ Պետք է հեռանա ամբողջապես»

Ապրիլ 26,2018 09:43

«Առավոտի» հարցերին պատասխանում է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: 

– Տիկին Զոհրաբյան, երեկ ձեր երկու գործընկերները՝ Վահե Էնֆիաջյանն ու Գեւորգ Պետրոսյանը հայտարարեցին, որ իրենք համաժողովրդական շարժման հետ են, սակայն չեն քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին։ Այսօր մամուլում տեղեկատվություն կար, որ Գագիկ Ծառուկյանը զայրացել է ձեր գործընկերների վրա՝ սխալ հայտարարություններ անելու համար։ Ի՞նչ է եղել իրականում։

– Իրականում եղել է, ինչպես լինում է շատ հաճախ՝ մամուլը համատեքստից կտրել է իմ գործընկերների հայտարարությունը եւ ներկայացրել այնպես, ինչպես իրենք են հարմար գտել։ Այո, մենք համաժողովրդական շարժման հետ ենք եւ մենք հարգում ենք մեր ժողովրդի կամքն ու մեր երկրում վերջապես այդքան սպասված արմատական ու համակարգային փոփոխություններ անելու համազգային վճռականությունը։

Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածությանը, ապա երեկ Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են, եւ ես ձեզ վստահեցնում եմ՝ իրենք կգտնեն արժանապատիվ լուծում։ Պետք չէ տարատեսակ մեկնաբանություններով եւ հապճեպ եզրահանգումներով վնասել բանակցություններին եւ քննարկումներին։ Մեկ բան հստակ է՝ Հանրապետական կուսակցությունը պետք է հեռանա երկրի կառավարումից։ Պետք է հեռանա ամբողջապես՝ առանց տարբեր էժանագին տրյուկներով եւ կոմբինացիաներով իր իշխանությունը այս կամ այն կերպ երկարաձգելու դատապարտված փորձերի։

– Տեսանք արդեն, թե ինչպես են ընդամենը ժամեր առաջ ՀՀԿ-ին անփոխարինելի համարող տարբեր գործիչներ, գործարարներ եւ պատգամավորներ փախչում խորտակվող նավից։ Ձեր կարծիքով դեռ շա՞տ մարդ կփախնի ՀՀԿ-ի շրջապատից։

– Գիտեք, ուզում եմ հիշեցնել Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթից մի հատված՝ որ հետաքրքիր կլինի տեսնել, թե քանի՞ մարդ կմնա այդ կուսակցությունում, եթե այլեւս չլինեն իշխանություն։ Այնպես որ, անկանխատեսելի որեւէ բան տեղի չի ունեցել. միացրեք վայրկյանաչափը եւ տեսեք, թե ընդամենը օրեր առաջ ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին գոռացողները մի քանի օրից որտեղ են հայտնվելու։

Ի վերջո, Հանրապետական կուսակցությունը եւս ինքնամաքրվելու խնդիր ունի եւ բոլոր պատեհապաշտների թռնելուց հետո պարզ կլինի, թե ովքե՞ր էին իրական նժդեհականները։ Ես վստահ եմ, որ նման մարդկանց թիվը սարսափելի քիչ է լինելու։ Սա է մեր իրականությունը, եւ եթե նոր իշխանությունը, ովքեր էլ որ այն կձեւավորեն՝ որակապես չփոխվի, ապա ամիսներ անց մենք ունենալու ենք նույն հիվանդ շրջապտույտը։

– Դուք խոսում եք ՀՀԿ-ի մասին, սակայն առնվազն հասկանալի չէր, որ ձեր այն գործընկերները, ովքեր քվեարկել էին Սերժ Սարգսյանի օգտին, կամ փախել էին քվեարկությունից, երեկ հրապարակում խրոխտ պայքարում էին նույն այդ նույն ՀՀԿ-ի դեմ։ Դուք սա նորմա՞լ եք համարում։

– Ես քիչ առաջ խոսեցի իշխանության այլասերվածության մասին, որը ձեւավորվել է մեր անկախության առաջին օրից սկսած ու արդեն վերածվել էր խայտառակ մի մոնստրի։ Իշխանություն, որը առաջնորդվել է՝ «եթե ինձ հետ չես, իմ դեմ ես, եւ ես քեզ կոչնչացնեմ», միջնադարյան սկզբունքով։ Դուք գիտեք իմ վերաբերմունքը, եւ ես մնում եմ իմ վստահ համոզմանը, որ ընդդիմությունը չպետք է կողմ քվեարկի իշխանության թեկնածուին։ Սակայն, ես փորձում եմ հասկանալ իմ այն գործընկերներին, որոնց, երեւի թե հասկացրել են, որ լուրջ պրոբլեմներ կունենան իրենք ու իրենց մերձավորները։ Ի վերջո՝ յուրաքանչյուր մարդու ընտրության հարցն է՝ ընկրկել այդ ամենի առաջ, թե՝ ոչ։ Եվ մեր կռիվը պիտի լինի նաեւ նրա համար, որ ոչ մի իշխանություն այլեւս չփորձի իր պատժիչ լծակները օգտագործել քաղաքական սեփական շահերը սպասարկելու համար։

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30