Երևանի ու հանրապետության այլ քաղաքների փողոցներում նոր թափով ու ըստ էության՝ շարժմանը միացած նոր քաղաքական ուժերով վերսկսված գործընթացն ուղեկցվել է իշխանության թևում հետաքրքիր զարգացումներով: Մասնավորապես՝ վարչապետի պաշտոնակատար և երեկ օրվա գլխավոր հակահերոս Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրամիության և ԱՄՆ դեսպանների հետ՝ առանձին-առանձին:
Ընդ որում՝ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ տեղի էր ունեցել բավականին ուշագրավ մի թյուրիմացություն: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ դեսպանին վերագրվել էր քաղաքացիների բողոքի դրսևորումների վերաբերյալ գնահատական, թե իբր դրանք խնդիր ունեն օրենքի հետ: Մինչդեռ հետո ԱՄՆ դեսպանատունը տարածեց հատուկ հայտարարություն, որ դա թարգմանական սխալ է, և դեսպանը խոսել է ուղիղ հակառակի մասին, որ դա քաղաքացիների իրավունքն է:
Ինչո՞ւ էր կառավարությունն այդքան անպատասխանատու մոտեցել ԱՄՆ դեսպանի խոսքի թարգմանությանը, թե՞ դա, այսպես ասած, «կազմակերպված անպատասխանատվություն» էր, օրվա ընթացքում Կարապետյանի, այսպես ասած, արժեթղթերի սրընթաց անկումը կասեցնելու համար:
Միևնույն ժամանակ, նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ: Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հերթական անգամ հայտարարել էր, որ Հայաստանում իրավիճակը Հայաստանի ներքին գործն է, և հույս ունեն, որ այն կկարգավորվի առաջիկա օրերին: Փաստացի, ՌԴ նախագահի խոսնակը առնվազն հրաժարվել է աջակցություն հայտնել ՀՀԿ-ին կամ Կարեն Կարապետյանին:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում