Վաշինգտոնի Քարնեգի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին Ամերիկայի Ձայնին Սկայպով տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում ստեղծված իրավիճակին և ներքաղաքական զարգացումներին և նշել.
«Զարմացած չեմ , որ Հայաստանում տեղի ունեցան ցույցեր, Հայաստանն այն երկրներից է, ուր առկա են բավականաչափ քաղաքական ազատություններ և քաղաքացիական հասարակություն, որը չի վերահսկվում իշխանության կողմից: Այս զարգացումները դրական են Հայաստանի համար, շատ դրական միտումներ են, հատկապես երիտասարդ սերնդի առաջ գալու փաստը: Հույս ունեմ, որ քաղաքացիական հասարակության և գործող իշխանական մարմինների համագործակցությամբ հնարավոր կլինի ստեղծել նոր իշխանություն, որն ավելի շատ պատասխանատու կլինի իր ժողովրդի համար», – ասել է Սթրոնսկին:
Վաշինգտոնի Վիլսոն կենտրոնի վերլուծաբան Յուվալ Վեբերի կարծիքով, բողոքի ցույցերը հետխորհրդային տարածքում ունեն բազմաթիվ նմանություններ:
«Նմանատիպ բոլոր դեպքերում առկա են առաջնորդներ, ովքեր ցանկանում են պահպանել իշխանությունը և պատրաստ են փոխել գործող համակարգը իրենց իշխանությունը երկարաձգելու համար: Եվ բոլոր դեպքերում մարդիկ դուրս են գալիս փողոց և պայքարում դրա դեմ: Հայաստանի դեպքում պայքարը ոչ միայն ավարտվեց խաղաղ հանգուցալուծմամբ, այլև գործող վարչապետը ճանաչեց, որ իր ընտրած տարբերակը սխալ էր: Նրա հրաժարականի հայտարարության մեջ նշված է, որ առկա էին մի քանի տարբերակներ, սակայն ինքը չի ընտրում դրանցից ոչ մեկը», – Ամերիկայի Ձայնին հետ զրույցում ասել է Յուվալ Վեբերը:
Վահե ՕՀԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում