Այս օրերին Հայաստանում գտնվող Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի արտաքին կապերի պատասխանատու Մոhամադ Այթ-Աարաբը «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում ասաց, որ հիացած է մեր երիտասարդներով ու իր ձեւակերպմամբ` Հայաստանում ընթացող ժողովրդավարական պրոցեսներով: Նրան խնդրեցինք «դրսի» հայացքով դիտարկել Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված` թավշյա հեղափոխությունը, որի մասին հրապարակումներ կան միջազգային մամուլում:
«Մի քանի օր է, ինչ Երեւանում ենք: Ես շատ տպավորված եմ հայաստանցի երիտասարդներով, որոնք ներգրավված են իրենց երկրի կառուցման գործում, ցանկություն ունեն ինչ-որ բան փոխել: Նաեւ տպավորված եմ այստեղ կայացած խաղաղ ցույցերով: Զարմացած եմ` մարդիկ անգամ գալիս էին մանկասայլակներով, ագրեսիայի որեւէ դրսեւորում չնկատեցի, մինչդեռ ուրիշ երկրներում նման ցույցերի ժամանակ մեքենաներ են վառում, խանութներ ջարդում: Հայաստանում շատ հանգիստ էր ամեն ինչ, դրական ազդակներով: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հրաժարական տալուն, որին նա գնաց` գիտակցելով, որ ժողովուրդը չի ուզում իրեն այդ պաշտոնում տեսնել, գնահատում եմ որպես քաղաքական հասունության դրսեւորում…»,- ասաց Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի արտաքին կապերի պատասխանատուն:
Նաեւ հավելեց. «Մեծ Արեւելք» օթյակը ցանկանում է, որ Հայաստանն ընտրի համերաշխության ճանապարհը, եւ իր երկրի զավակները նախընտրեն մնալ եւ ապրել այս երկրում»:
Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ