Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարական… «կայունացնողի» դերից

Ապրիլ 26,2018 15:00

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: «Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի…»:

Ինչո՞ւմ էր ճիշտ Նիկոլ Փաշինյանը նախկին վարչապետի կարծիքով: Առաջին հերթին` հրաժարականի անխուսափելիության, ինչպես նաեւ այն բանի մեջ, որ Սարգսյանը չի պատկերացնում ներկայիս իրավիճակը, ժողովրդական ընդվզման մասշտաբներն ու խորությունը, եւ որ Սերժ Սարգսյանը այլեւս ժամանակավրեպ է արդի իրականության համար:

Ժողովուրդը ցնծության մեջ է, կարծես համազգային տոն է, մեծ հաղթանակ:
Իսկ արդյո՞ք լուծված են բոլոր այն խնդիրները, որոնց համար ծագել էր քաղաքացիական շարժումը: Անկասկած, Սերժ Սարգսյանը առկա քրեաօլիգարխիկ իշխանական համակարգի մի մասն էր, բայց դրանով հանդերձ՝ նա կարեւոր մեկ այլ դերակատարում եւս ուներ: Սահմանադրությամբ նախագահին վերապահված` իշխանության թեւերի տարանջատման եւ հավասարակշռման առանցքային գործառույթի փոխարեն, նա «համակշռում էր», ըստ էության` բալանսավորում այդ քրեաօլիգարխիկ, իշխանական եւ քաղաքական բազմաթիվ կլանների ու խմբերի, կուսակցությունների ու անհատների շահերն ու հետաքրքրությունները: Անդրկուլիսյան ինտրիգներով, ներքաղաքական խաղերով ու մանեւրերով նա վարպետորեն մանիպուլացնում էր ներքաղաքական դաշտը` մշտապես պահելով իր իշխանությունը, կախման մեջ դնելով իրենից, միեւնույն ժամանակ ,բավարարվածությունե ստեղծելով «խաղացողների» մոտ: Լինելով հմուտ կաբինետային բանակցող, կոմպրոմիսային անձ` նա կարողանում էր պահպանել խելամիտ բալանսը տարբեր կլանների միջեւ, ստեղծելով «ներքաղաքական կայունություն»: Նա այս համակարգի յուրօրինակ «կայունացնողն» էր:

Ի՞նչ կլինի հիմա` դժվար է ասել: Համակարգը զոհաբերեց իր «սիմվոլին», որպեսզի թուլացնի հանրային լարվածությունը եւ փորձ անի պահպանվել: Բայց եթե Սերժ Սարգսյանի պարագայում մենք գործ ունեինք պետական մտածողությամբ գործչի պատասխանատու վարքագծի հետ, ով կարող է հրաժարական տալ արյունահեղությունից խուսափելու համար, ապա տասնամյակներով իշխանություն եւ մեծ փողեր տեսած, ամենաթողության ու կամայականությունների արժեքային տիրույթում ապրող քրեաօլիգարխիան դժվար թե խաղաղ զիջի իր դիրքերը: Դրանք մարդկային այն տեսակն են, որ պատրաստ են հանուն իրենց ատամի չոփի մի ամբողջ անտառ ոչնչացնել:

Եվ ամենակարեւորը` այլեւս չկա նրանց շահերը համակշռողը, չկա «կայունացնողը»…

Համազգային էյֆորիան կանցնի մեկ-երկու օրից: Կոռուպցիան, կլանային համակարգը, տնտեսական մենաշնորհները կմնան: Եվ հենց սրա դեմ պիտի լինի համազգային պայքարը, այս համակարգի դեմ է անհրաժեշտ ընդվզել ազգովի: Եվ Նիկոլը այս օրերին շատ հեռատես է վարվում` նրանց իրական պատերազմ եւ վենդետա չհայտարարելով, հաշվեհարդարը եւ վհուկների որսը բացառելով, այլ խոսելով նրանց` միայն բիզնեսում տեսնելու մասին: Լյուստրացիան սկսվելու է հետո, երբ նրանց զրկեն իրական իշխանական լծակներից:

ԱՐԱՄ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ.Գ. Սերժ Սարգսյանը իր հոգու խորքում թաքուն երազանք ուներ` համակարգը շատ թե քիչ «կարգի բերելուց» հետո իշխանությունը սահուն ու երաշխիքներով փոխանցել երիտհանրապետականներին: Դրա մեսիջները կային: Իր աշխատակազմում նա իրեն շրջապատել էր կիրթ ու բանիմաց երիտասարդներով (իհարկե, հեռու պահելով նրանց որոշումներ կայացնելու հնարավորությունից): Նրան հաջողվել էր նաեւ տասը տարվա ընթացքում (!) իշխանական վերնախավից հեռացնել առավել էքսցենտրիկ, օդիոզ եւ մականունավոր մի շարք դեմքերի (Թոխմախ, Շմայս, Լիցկա, Չոռնի եւ այլն): Բայց նա չհասցրեց: Ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Ժողովուրդը չհամբերեց: Տասը տարին մի ամբողջ կյանք է: Մի ամբողջ կյանք երիտասարդ ու արժանապատիվ սերունդ մեծացնելու համար: Սերունդ, որը ուզում է ապրել արժեքի ու իրավունքի երկրում, ուզում է «հիմա եւ ամբողջը»:

«Առավոտ»

25.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30