Կոմիտասի անվան Պանթեոնի հարեւանությամբ հսկայական այգին անտերության է մատնված: Եթե քաղաքային իշխանությունները Պանթեոնի այգին շատ լավ խնամում են, ապա այս այգու շարունակությամբ ձգվող այգին, կարելի է ասել՝ ուշադրությունից զուրկ է: Այստեղ սալահատակները պոկված են, քանդված, ասֆալտ ու լուսավորություն չկա: Կար ժամանակ, երբ այս այգիները մեկ ընդհանուր տարածք էր՝ խնամված ու ծառաշատ: Հիմա մետաղյա ճաղավանդակներով են իրարից բաժանում այգիները:
Այգու մուտքը, որը դեպի Պանթեոն է տանում, քարուքանդ վիճակում է:
Այս անտեսված այգին, ինչպես հարակից շենքերի բնակիչներն են ասում, ոռոգվում է հազվադեպ: Ճիշտ է, ծառերին քաղաքային իշխանությունը ուշադրություն դարձրել է, արմատները ներկել են, ու վերջ: Բայց այգու խնամքը միայն ծառերը ներկելը չէ: Բնակիչներն ասում են՝ շատ են սիրում այս այգին, լավ կլիներ նստարաններ ու աղբամաններ տեղադրվեն, բարեկարգվի ու լուսավորվի այգին:
«Հսկայական կանաչ տարածք է, հաստաբուն ծառեր, ուղղակի ափսոս է, որ տիրություն չանեն: Ինչո՞ւ են մի քանի մետր այն կողմի այգին այդքան սիրուն ու կոկիկ պահում, իսկ այս մեկն անտեսում: Օրինակ՝ Պանթեոնի ու Շենգավիթի դատարանի հարակից այգին շատ խնամված է, գազոնները միշտ տեղը տեղին են պահում, ծաղիկներ տնկում: Իսկ կողքի այս այգով մթին անգամ վախենալու է քայլելը, լուսավորություն չկա, նստելու տեղ չկա: Էն մյուս տարածքի համար՝ Պանթեոնի, փող կա, էս կողքի տարածքի համար չկա՞: Ընդամենը մի երկու մետրի տարբերություն է այս այգիներն իրարից բաժանող տարածքը: Այսինքն՝ սրանք կողք կողքի են, բայց այսքան տարբեր»:
Այս անտեսված այգում աղբամանների բացակայության պատճառով մարդիկ աղբը ծառերի վրա են «տեղավորում»: Այգու մեջտեղում էլ աղբի մեծ կույտ է:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
25.04.2018