Դեռեւս 2013 թ. «Առավոտի» իմ հարցազրույցներից մեկում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանն անդրադառնալով Հայոց Եղեռնի իրավական ասպեկտներին, ցավ հայտնեց, որ մարդկության դեմ ուղղված այդ աննախադեպ զանգվածային ոճրագործությունը միջազգային հարթակներում չի ներկայացվում հավուր պատշաճի, մասնավորապես, անտեսվում են Թուրքիայի դատական ատյանների կողմից անցյալ դարի սկզբներին կայացված մի քանի տասնյակի հասնող դատավճիռները: Այդ դատական ակտերը մշտապես գտնվում են իրավագետի հետազոտության ներքո, ուստի անհրաժեշտ համարեցինք մեկ անգամ եւս անդրադառնալ այս չափազանց կարեւոր խնդրին՝ նոր հարցադրումներով:
– Հայոց Եղեռնի ճանաչման ու դատապարտման տեսանկյունից, թերեւս, վճռորոշը քաղաքական կամքն է, միջազգային ուժերի կանխակալ դիրքորոշումը, ուստի ի՞նչ արժեք կարող են ունենալ թուրքական դատական ակտերը:
– Մեր արտաքին քաղաքականությունը միտված է հենց բարվոք քաղաքական մթնոլորտ ձեւավորելուն, ուստի անչափ կարեւոր է, թե ինչ մեկնակետ եք ընտրում ձեր դիրքորոշումը համոզիչ, փաստարկված դարձնելու համար: Քաղաքականությունը, անկախ իր դրսեւորումներից, պարզապես չի կարող հաշվի չնստել այն իրողության հետ, որ ցանկացած արարք հանցագործություն ճանաչելու միակ իրավաչափ հիմքն օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն է: Երբ փորձում ենք Հայոց Եղեռնը ճանաչելի դարձնելու նպատակով հղումներ անել տարաբնույթ պատմական փաստերի, այդ թվում՝ արխիվային փաստաթղթերի վրա, դրանով, իմ խորին համոզմամբ, ընտրում ենք զուտ թուրքական օրակարգով թելադրված գործելաոճ:
Քաղաքակիրթ միջազգային հանրությունը հակված է պատմական իրադարձությունների գնահատման հիմք համարել ոչ այնքան իրավական ակտերը, որքան կոնկրետ դատական ակտը, իսկ այդպիսիք մեր պարագայում, բարեբախտաբար, կան:
– Այս տարիներին հաջողվե՞լ է ձեզ ձեռք բերելու նոր աղբյուրներ՝ դատական ակտերն ամբողջականացնելու նկատառումով, դրանք ի՞նչ կիրառական արժեք կարող են ունենալ:
– Այս փուլում ինձ մեծապես աջակցել է Հայ Եկեղեցին, հատկապես, Վատիկանից հայթայթած արխիվային փաստաթղթերը մատչելի դարձնելու կտրվածքով: Դրանցում կան թուրքական դատական ատյաններում քննված քրեական գործերի նյութեր, այդ թվում՝ որոշ դատավճիռների բնօրինակներ: Ներկայումս ընտրված եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ, եւ այդ կարգավիճակը եւս նպաստում է լրացուցիչ նյութեր ձեռք բերելու եւ հետազոտություններ նախաձեռնելու համար:
– Ասացիք, որ թուրքական դատական ակտերը քննարկման, այդ թվում միջազգային հարթակներում բանակցության առարկա չդարձնելը, ընդհանրապես դրանցից հնարավորինս շեղվելը թուրքական օրակարգ է, ի՞նչ նկատի ունեք տվյալ դեպքում:
– Թուրքական քարոզչության տեսանկյունից շահավետ ու անհամեմատ դյուրին է հերքել հայկական կողմի մատնանշած պատմական փաստարկները, փաստաթղթերը, անգամ ականատես վկաների հարցազրույցները, քան իրենց իսկ դատական ատյանների կողմից բոլոր այդ իրադարձություններին տրված պաշտոնական գնահատականները, որոնք արդեն բանավեճի նյութ լինել չեն կարող: Դրա վառ ապացույցն է այն, որ Ֆրանսիայի խորհրդարանին այդպես էլ չի հաջողվում շրջանցել Սահմանադրական խորհրդի որոշումները եւ ընդունել Հայոց Եղեռնը հերքելու կամ նսեմացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենք:
Նույն կերպ, մենք որոշ չափով խոցելի էինք «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Մասնագիտությամբ իրավաբան այս թուրքը հայտարարեց, որ Հայոց Եղեռնը միջազգային սուտ է, ինչի համար Շվեյցարիայում քրեական պատասխանատվության ենթարկվելու փաստը վիճարկեց ՄԻԵԴ-ում: Եթե այդ գործընթացի հիմքում դրվեին հենց այդ թուրքի հայրենական դատական ակտերը, ապա, կարծում եմ, պատկերն այլ կլիներ:
Ինչպես արդեն նկատել եմ նախկինում, հայերի, ինչպես նաեւ մի շարք այլ ազգերի՝ հույների, ասորիների, քրդերի, եզդիների եւ այլն, զանգվածային սպանությունները թուրքական դատական ատյաններն իրենց դատական ակտերով որակել են որպես էթնիկական դրդապատճառներով իշխանությունների կողմից խիստ գաղտնի կազմակերպված սպանություններ: Դրանցում անդրադարձ կա նաեւ զանգվածային տեղահանումներին, որոնց արդյունքում շուրջ 800 հազար մարդ կյանքից զրկվեց: Այդ տեղահանումները եւս որակվել են որպես սպանության միանշանակ նպատակ հետապնդող գործողություններ, ինչի հիմքում քրեական գործերում դրված են եղել կոնկրետ փաստաթղթեր եւ ցուցմունքներ: Ուստի տասնյակ տարիներ անց, ինչ-որ թուրք պաշտոնյայի հայտարարությունն այն մասին, որ տեղահանումները կատարվել են հայերի անվտանգության շահերից ելնելով, որեւէ իրավական արժեք չունի:
– Պարոն Դանիելյան, իրողությունն այն է, որ Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում Հայոց Եղեռնի փաստը, իսկ այն ճանաչած պետությունների ղեկավարներին վիրավորում ու սպառնում են:
-Ինչպես արդեն նկատեցի, մենք չպետք է ակնկալենք, որ Թուրքիայի իշխանությունները մեր կողմից բերված փաստերի հիման վրա ճանաչեն Հայոց Եղեռնը, մենք դրա կարիքը չունենք: Դա նույնն է, որ ասենք՝ Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը պետք է անպայման ճանաչեր Հունգարիայի իշխանությունը, մինչդեռ՝ այդ մարդը ցմահ ազատազրկվել էր Հունգարիայի դատարանի դատավճռով: Ուրիշ հարց է, որ Հունգարիայի իշխանությունները, շրջանցելով միջազգային իրավական հիմքերը, մարդասպանին հանձնեցին Ադրբեջանին, որտեղ նա անհապաղ ազատ արձակվեց: Սակայն անգամ Ադրբեջանում նա պաշտոնապես չի արդարացվել, այլ նրան սոսկ ներում է շնորհվել, ինչը խոսում է այն մասին, որ դատական ակտով նա այդպես էլ ճանաչված է որպես հանցագործ:
Հայոց Եղեռնը, ըստ էության, արդեն իսկ ճանաչել են թուրքական դատական ատյանները, իսկ դատական ակտերը երբեւէ չեն բողոքարկվել ու չեն բեկանվել: Ի՞նչ են արել հետագայում թուրքական իշխանությունները՝ նախ, արդեն մեկ տարի անց ոմանց ներում են շնորհել, իսկ 1923 թ. համաներում են հայտարարել եւ բոլորին ազատ արձակել: Ի դեպ, 30-ականների սկզբներին մահապատժի են ենթարկվել բոլոր այն թուրք դատավորները, որոնք կայացրել են մեղադրող դատավճիռներ:
– Չե՞ք կարծում, որ ինչպես մեզանում, այնպես էլ միջազգային հարաբերություններում ընկալելի չէ այն իրողությունը, որ հենց թուրքական իշխանություններն են նախաձեռնել դատապարտման պատասխանատու առաքելությունը՝ հաշվի առնելով նրանց հավաքական կերպարը:
– Սա պարզունակ հարցերից չէ, սակայն այն ունի իր բացատրությունը: Նախ, միջազգային ուժերը պարտավորեցրել են Թուրքիային՝ դատական կարգով անդրադառնալու դարի ոճրագործությանը: Դեռեւս 1915թ. մայիսի 24-ին երեք պետություններ` Բրիտանիան, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, ընդունել են Թուրքիայի կողմից, «Մարդկության եւ քաղաքակրթության դեմ» ուղղված հանցագործությունները դատապարտող հռչակագիր։ Թուրքիան փորձել է կանխել միջազգային դատարանի ստեղծման գաղափարը եւ ինքն է նախաձեռնել ողջ գործընթացը: Բացի այդ, առաջին համաշխարհային պատերազմից հետո հսկայական տարածքներ կորցրած Օսմանյան Թուրքիայում ներքաղաքական հզոր լարվածություն կար՝ իշխանությունները դարձել էին խոցելի, նրանք տարվել էին ճղճիմ ու խայտառակ հանցագործություններով, անտեսելով իրենց պետության շահերը: Նոր իշխանության եկած քաղաքական ուժերը նաեւ այդ կերպ էին փորձում վարկաբեկել նախկին իշխանություններին:
– Ի՞նչ եք ակնկալում Հայոց Եղեռնի ճանաչման եւ դատապարտման ոլորտում մեր արտաքին քաղաքականությունից:
– Միանշանակ, ակնկալում եմ, որ այդ ոլորտում քաղաքական հայեցակարգ մշակելու հիմքում առանցքային նշանակություն վերապահվի նշված դատական ակտերին, շեշտադրում արվի ոչ թե ճանաչման գործընթացին, ինչն արդեն արված է իրավաչափ դատական ակտերով, այլ դատապարտման ու արժանապատիվ փոխհատուցման վրա: Տեղյակ եմ, որ մի շարք երիտասարդ իրավագետներ այս ուղղությամբ իրականացնում են համալիր հետազոտություններ, անչափ կարեւոր հետազոտություններ է կատարել միջազգայնագետ Արա Պապյանը, իսկ իմ խնդիրն եմ համարում ավարտին հասցնել իմ կողմից նախընտրելի ասպեկտներով հետազոտությունները եւ արդյունքները հանձնել ոչ միայն ընթերցողներին, այլեւ պատկան մարմիններին:
Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
25.04.2018