Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատի որդիներ» մասոնական հայաստանյան օթյակը կարեւոր գործ է անում»

Ապրիլ 26,2018 13:30

Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի արտաքին կապերի պատասխանատու Մոhամադ Այթ-Աարաբը` Հայոց ցեղասպանության ճանաչման, կրթության եւ թուրք մասոնների մասին:

Երեւանում են Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» (Grand Orient de France) մասոնական օթյակի ներկայացուցիչները: Օթյակի անդամներն ամեն տարի Հայաստան են գալիս ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին:
«Առավոտը» հնարավորություն ունեցավ հանդիպել օթյակի խորհրդի անդամներին եւ բացառիկ հարցազրույց ունենալ Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի արտաքին կապերի պատասխանատու Մոhամադ Այթ-Աարաբի (Mohamed Ait Aarab) հետ:

Նրանից հետաքրքրվեցինք` ինչո՞վ է պայմանավորված ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին` մասոնական օթյակի մասնակցությունը:

«Իսկապես ամեն տարի այս օրը «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ներկայացուցիչները գալիս են Հայաստան, որովհետեւ գտնում ենք, որ ոչ մի երկիր հնարավոր չէ կառուցել առանց հիշողության փոխանցման: Անցյալը, հիշողությունները նպաստում են ինքնության զարգացմանը…Եվ եթե գիտենք, թե ովքեր ենք մենք եւ որտեղից ենք գալիս, միայն այդ ժամանակ կարող ենք դեպի ապագա գնալ…Մի շատ կարեւոր պատճառ էլ կա այստեղ գտնվելու` օթյակն ունի հումանիստական մոտեցում, եւ երբ որեւէ մարդ ենթարկվել է տառապանքների կամ հալածանքների, մենք անպայման արտահայտում ենք մեր վերաբերմունքը»,- պատասխանեց Մոhամադ Այթ-Աարաբը:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է օթյակը շեշտադրում կրթությունը, եւ ներդրումներ անում կրթական համակարգում:

«Կրթությունը կարեւորում ենք այն պատճառով, նախ` որպեսզի մարդը կարողանա ազատ լինել, պետք է կրթված լինի, սեփական կարծիք կարողանա արտահայտել: Պատահական չէ, որ բռնատիրության պարագայում կրթությունը չեն զարգացնում, որպեսզի մարդիկ չկարողանան կողմնորոշվել: Մինչդեռ, երկրի, մարդու զարգացման կարեւոր պայմանը կրթություն ունենալն է, քաղաքացիական հասարակության ձեւավորման համար կրթությունը մեծ դերակատարություն ունի»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի առնչությանը տարբեր երկրների քաղաքական էլիտաների ու դեմոկրատական շարժումների հետ, հարցրինք, թե դա ինչով է պայմանավորված:

«Կան կապեր քաղաքական եւ ինտելեկտուալ էլիտաների հետ, ապա «Մեծ Արեւելքի» նպատակը միայն տվյալ երկրի էլիտայի հետ կապեր հաստատելը չէ, նպատակը հումանիստական արժեքների քարոզումն է ավելի լայն հասարակության շրջանում, որպեսզի հավասարության արժեքները գործեն: Այն, ինչ տեղի էր ունենում այս օրերին, կարծում եմ` շատ հուսադրող է հայ ժողովրդի համար»,- ասաց Մոhամադ Այթ-Աարաբը:
Մեր դիտարկմանը, թե նախկինում մի տեսակ խորհրդավորություն կար օթյակի շուրջ, հիմա տպավորությունը փոխվել է, ավելի շատ է լուսաբանվում իրենց գործունեությունը, հանդիպումները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դա ոչ թե գաղտնիություն էր, այլ պատմականորեն պայմանավորված համեստություն, նաեւ այդ ամենը գալիս էր նրանից, որ ժամանակին ֆրակ-մասոնները հալածվել են նացիստների կողմից:

Մասոնական օթյակի արտաքին կապերի պատասխանատուն հավելեց, որ «Մեծ Արեւելքը» առանձնահատուկ օթյակ է, որն առաջարկում է ինքնազարգացման ճանապարհով գնալ, սոցիալական մասնակցություն հասարակության զարգացմանը: Նրա խոսքերով, Ֆրակո-մասոններն ունեն այսպիսի ձեւակերպում. «Պետք է զարգացնել մարդուն, որպեսզի զարգացնես հասարակությունը»:

Մեր հարցին` որ օթյակում ոչ թե ազգությունն է շեշտադրվում, այլ եղբայրությունը, հավասարությունը, արդարությունը, այնուամենայնիվ, երբ իրենք ամեն տարի գալիս են Ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներին, արդյոք չե՞ն մտածում «ներքին լծակներով» ներազդել օթյակի թուրք անդամների վրա, որպեսզի պատմական արդարությունը վերականգնվի, Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հիշեցրինք, որ Թալեաթ փաշան նույնպես եղել է իրենց օթյակի անդամ, «Մեծ Արեւելքի» արտաքին կապերի պատասխանատուն նշեց. «Դա շատ կարեւոր հարց է, եւ միաժամանակ դժվար…Բնականաբար, օթյակի ներսում եղբայրների եւ քույրերի միջեւ կա երկխոսություն, եւ բնականաբար, ցանկացած պահի հնարավոր է մարդկանց միջեւ կապեր հաստատել, բաժանարար սահմանները հաղթահարել: Մեր օթյակի թուրք անդամները իշխանություն ու կառավարություն չեն, գործում են իրենց հնարավորությունների հարթության մեջ եւ իրենց նպաստը բերում են ճանաչմանը: Կարծում եմ, որ փոքր քայլերով հնարավոր է հասնել հաջողությունների»:

Հիշեցրինք, որ երբ 2017թ. Հայաստանում էր Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆֆ Հաբբասը, մեզ հետ զրույցում ասել էր, որ մեր երկրում է օթյակի հայաստանյան մասնաճյուղի ստեղծման առիթով: Մոhամադ Այթ-Աարաբին հարցրինք, թե ինչպես է գնահատում հայկական օթյակի աշխատանքները: «Հայաստանյան օթյակը կոչվում է «Արարատի որդիներ», այն բավականին լավ է աշխատում: Ուղղակի պետք է ժամանակ տալ, որ այն կամաց-կամաց զարգանա, քանի որ երիտասարդ օթյակ է: Մասոնները երբեմն ասում են, որ մասոնական ժամանակը տարբեր է օթյակի մեջ չգտնվող մարդկանց ժամանակից, նրանց ժամանակը այլ տիրույթում է: Ամեն դեպքում, «Արարատի որդիներ» հայաստանյան օթյակը կարեւոր գործ է անում, քանի որ անդամները մարդիկ են, որոնք լավ են ճանաչում ձեր երկիրը»,- հայտնեց Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի արտաքին կապերի պատասխանատուն:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` հեղինակի:

Լուսանկարում` Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի խորհրդի անդամներ Հերվե Զաքարյանը, Մոhամադ Այթ-Աարաբը եւ Պիեր Ֆիորին:

 

«Առավոտ»

25.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30