Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օպերայի «Երիտասարդականի» երիտասարդների հերթական հաջողությունները

Ապրիլ 26,2018 13:00

Այս դեպքում՝ Կորեայում
առաջին անգամ անցկացվող մրցույթում

Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանում անցկացվող «Ապրիլյան գարուն» միջազգային փառատոնին քանիցս փայլել են հայ օպերային երգիչները, այդ թվում՝ Մարինե Դեինյանը, Արմինե Սեյրանյանը, Հայկ Տիգրանյանը եւ այլն: Վերջերս 31-րդ անգամ անցկացվող հիշյալ փառատոնին զուգահեռ՝ առաջին անգամ անցկացվեց վոկալիստների միջազգային մրցույթ, որին մասնակցեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մասնակիցներ՝ սոպրանոներ Մարիաննա Մարտիրոսյանն ու Նունե Գրիգորյանը: Մինչ երգչուհիների վերադարձը, Լեւոն Ջավադյանն «Առավոտին» հայտնել էր, որ Մարիաննան արժանացել է երրորդ մրցանակի, Նունեն՝ դիպլոմի:
Մարիաննա Մարտիրոսյանը փորձ ուներ միջազգային մրցույթների. Եկատերինբուրգում կայացած Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր է, «Հոգեւոր երաժշտության լավագույն կատարման համար» հատուկ մրցանակ է ստացել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում: 2016թ. արժանացել է նախագահի երիտասարդական մրցանակի: Նունե Գրիգորյանը հատուկ մրցանակներ է ստացել Գոհար Գասպարյանի անվան, Տաթեւիկ Սազանդարյանի եւ Պավել Լիսիցյանի անվան հանրապետական մրցույթներում:
Մեզ հետ հանդիպման ժամանակ երգչուհիներից տեղեկացանք, որ Փխենյանում առաջին անգամ անցկացված մրցույթին մասնակցել է ութ երկիր՝ Չինաստան, Ռուսաստան, Բուլղարիա, Բելառուս, Ղազախստան եւ այլն: Ժյուրիի աշխատանքները ղեկավարել է Կորեայի մշակույթի փոխնախարար Օ Յոնգ Չոլը: Մարիաննան նշեց, որ մրցույթը անցկացվում էր նման միջոցառումներին հատուկ դասական ձեւաչափով, ժյուրիի նախագահը հիացել է հատկապես կոմիտասյան երգերով: Հայ մասնակիցները հնչեցրել են «Կռունկն» ու «Ծիրանի ծառը»:

Կորեական մրցույթի դափնեկիրները:

Հետաքրքրությանը, թե ինչպես հայտնվեցին Կորեայում առաջին անգամ անցկացվող վոկալիստների միջազգային մրցույթում, Մարիաննան ասաց, որ 2017թ. դեկտեմբերին Մինսկում 4-րդ անգամ անցկացվող Սուրբ ծննդյան մրցույթին, որին մասնակցել է իր ղեկավարի՝ Լեւոն Ջավադյանի հետ, բեմելից հետո իրեն մոտեցել է «Ապրիլյան գարուն» փառատոնի կազմակերպիչ Օմ Յոնգ Ջինը եւ հրավիրել վոկալիստների մրցույթին: Իսկ Նունեն նշեց, թե մրցույթին մասնակցելու իր թեկնածությունն առաջարկել է պարոն Ջավադյանը: Հավելեց նաեւ, որ մրցույթից հետո ստացել է առաջարկ՝ հաջորդ անգամ մասնակցելու միանգամից կիսաեզրափակիչում (մրցույթը անցկացվելու է ավանդաբար, 2 տարին մեկ):

Նունե Գրիգորյանը

Երիտասարդական ծրագրի մասնակից սոպրանոներից հետաքրքրվեցինք՝ թատրոնում իրենց վստահվա՞ծ են դերերգեր: Տեղեկացանք, որ Նունեն զուգահեռ պատրաստում է երեք դերերգ՝ Չուխաջյանի «Կարինե», Մոցարտի «Կախարդական սրինգ» եւ Բիզեի «Կարմեն» օպերաներում, իսկ Մարիաննան՝ առայժմ միայն «Կարմենում»:
Հիշեցնենք, որ տարածաշրջանում առաջինը 2016թ. թատրոնում հիմնված Երիտասարդական ծրագրի որոշ երգիչներ (տենոր՝ Տիգրան Օհանյան, բաս՝ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան) ոչ միայն իրենց հիանալի են դրսեւորել միջազգային մրցույթներում, այլեւ որոշ հեղինակավոր թատրոններում, հանդես գալով գլխավոր դերերգերով: Իսկ 2017թ. Երիտասարդական ծրագրի երգիչները ներկայացան «Կարինե-կոկտեյլ»-ով՝ հատվածաբար հանդես գալով ոչ միայն համաշխարհային օպերային գրականության ճանաչված նմուշներով, այլեւ ներկայացնելով Չուխաջյանի «Կարինե» օպերայի առաջին արարը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Մարիաննա Մարտիրոսյանը

«Առավոտ»

25.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30