Մինչ այսօր տնտեսության զարգացման գնացքը բախվում էր անորոշության արգելապատնեշին եւ առաջ չէր շարժվում: Սերժ Սարգսյանն այժմ հրաժարական է տվել, եւ նոր կառավարություն է ձեւավորվելու: Իսկ ինչից պետք է այն սկսի:
Առաջին. օգտվել ստեղծված իրավիճակից եւ հայտարարել «տնտեսական համաներում», եւ փորձել հնարավորինս հետ բերել Հայաստանից «փախուստի դիմած» կապիտալը, որը ավելի ակներեւ դարձավ վերջին տասը տարիներին: Այդ առումով չունենք պաշտոնական վիճակագրություն, բայց ակնհայտ է, որ մեր հայրենիքում ստեղծված փողը շարունակաբար «արտագաղթել է» եւ ներդրումներ են կատարվել արտասահմանում: Թե չէ՝ ինչպե՞ս է ստացվում, որ հայաստանցի մեծահարուստները առանձնապես խոշոր բիզնեսներ չունենալով հայրենիքում, տարեցտարի բազմապատկում են իրենց կապիտալը: Ուրեմն, կառավարությունը պետք է մոտիվացիոն լծակներ ստեղծի, որ «արտագաղթած» կապիտալը հայրենադարձվի: Համոզված եմ, որ պատերազմական պայթյունավտանգ Հայաստանում առայժմ ներդրումներ կարվեն միայն հայի կողմից:
Երկրորդ, օգտվել ձեւավորված նոր իրավիճակից եւ տնտեսական լուրջ համագործակցություն ստեղծել սփյուռքի հետ: Այսօր սփյուռքահայության տնտեսական ներուժը ոչ արժանահավատ գնահատումն է ստացել մեր կողմից, եւ առավել եւս, վերջին տասնամյակում ոչ էլ լրջորեն դիտարկվել է Հայաստանի բարգավաճման լուրջ գործիք: Ուրեմն պետք է ի սպառ հրաժարվել սփյուռքահայ գործարարի «քցելու» տխուր եւ անհեռատես պրակտիկայից եւ անհապաղ տնտեսավարման հատուկ արտոնություններ ստեղծել սփյուռքի կապիտալի հայրենադրաձման համար:
Երրորդ. հրաժարվել Հայաստանը դիտարկելու որպես գյուղատնտեսական եւ հումքային կցորդի երկիր դառնալու գաղափարից եւ տնտեսական աճի տեսլականը չկառուցել պոմիդորի, լոլիկի կամ հանքաքարի արտահանման վրա: Այդ ոլորտում մենք հաստատ պարտվելու ենք միջազգային շուկաներում: Անհապաղ միջոցներ են անհրաժեշտ վերջապես ուշադրությունը կենտրոնացնելու տնտեսության զարգացման ամենաթանկարժեք ռեսուրսին` մարդկային կապիտալին: Բազմիցս եմ ասել: Կարեւոր չէ, որ չունենք նավթ ու գազ: Ունենք ամենաարժեքավորը` ազգի ստեղծարար միտքն ու խելքը, որոնք միշտ էլ գնահատվել եւ կիրառվել են արտասահմանում, իսկ մեր հայրենի հողում վերջին տասնամյակում ուղղակի ճզմվել են քրեաօլիգարխիկ ճնշումներից: Ուրեմն եկեք մտածենք, թե ինչպես ենք էլեկտրամոբիլներ արտադրելու, նոր սերնդի համակարգիչներ ու հեռախոսներ ստեղծելու, եւ ոչ թե չիր ու չամիչ արտահանելու:
Եվ ամենակարեւորի մասին: Հայաստանի Հանրապետությունն ազգային զարթոնքի մեջ է: Մարդիկ թոթափել են տնտեսավարման վախի, անգործունեության շղթաները, մի տեսակ կայտառացել են: Ուրեմն կառավարությունը ամեն ինչ պիտի անի, որ պահպանի «ներքեւից» եկող այդ ոգեւորության ալիքը, որը տնտեսական զարգացման համար շատ անգամ ավելի կարեւոր է եւ արդյունարար է, քան օտարից սպասվող եւ այդպես էլ տեղ չհասնող ներդրումները: Ուրեմն կառավարությունը ամեն ինչ պիտի անի, որ ժողովուրդը, Աստված մի արասցե, նորից չհիասթափվի: Այս դեպքում արդեն համաժողովրդական ընդվզումները դուրս կգան թավշյա հեղափոխության շրջանակներից…
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ»
25.04.2018
Լոլիկել կարելիա արտահանել համակարգիչել:
ԱՄՆ-ը Եվրոպան գյումթերքի խոշորագույն արտահանողներից են:
Ինչպես ասում են լոլիկս էլեկտրամոբիլիդ վնաս չի:
Ի դեպ էլեկտրամաբիլների խոշորագույն արտադրողը Տեսլան տերիներ շարունակ 100միլիոնավոր դոլլարների վնասովա աշխատում:
Մարդիկ միլիարդավոր դոլլարների ներդրում են անում հույսով որ ապագան էլեկտամոբիլներինա ու ինչ որ պահի էտ ներդրումները հետ կգան:
Հնարավորա էտ հույսերը տենցել չարդարանան:
Նենց որ երազելը վնաս չի, բայց մի քիչ իրատես լինելնել չի խանգարի: