Լրահոս
Օրվա լրահոսը

«Րոպե շուտ գալ հրապարակ և ուրիշի հաղթանակի վրա նկարահանվել, դա իմը չէ»․ Մարտուն Գրիգորյան

Ապրիլ 25,2018 23:50

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը գնահատեց որպես պետական մտածողություն ունեցող, պետության շահը բարձր դասող մարդու քայլ։

-Սերժ Սարգսյանն իր ուղերձի մեջ ասել էր, որ կան տարբերակներ, բայց ինքը կոնկրետ ընտրել է հրաժարականի տարբերակը, իսկ մյուս տարբերակների դեպքում, բոլորիս հասկանալի է, լուրջ բախում էր լինելու, արյուն էր թափվելու, որը Սերժ Սարգսյանը չցանկացավ, հրաժարականի դիմում տվեց։ Իմ կարծիքով, սա շատ կարևոր ու գնահատելի քայլ էր վարչապետի կողմից, ես ողջունում եմ այդ քայլը, այն լուրջ ազդեցություն ունեցավ լարվածությունը մեղմելու համար։

-Պարոն Գրիգորյան, Գյումրիում ևս անընդհատ հանրահավաքներ են, շատերն են գալիս, միանում՝ բժիշկներ, տարբեր քաղաքական գործիչներ, գործարարներ, դուք ինչո՞ւ չեք մասնակցում, չե՞ք կիսում ցուցարարների իշխանափոխության պահանջը։

-Ես այս ընթացքում մանրամասն տեղյակ եմ, ուսումնասիրել եմ, կապի մեջ եմ, լավ տիրապետում եմ, թե կոնկրետ Գյումրի քաղաքում ինչ է կատարվում, Երևանում ինչ է կատարվում, իմ թիմակիցներից շատերը քննարկել են ինձ հետ այդ հարցը, ովքեր որ համակարծիք են այս շարժման, Նիկոլ Փաշինյանի քայլերի հետ։ Իմ թիմակիցները իրենց գործունեության մեջ ազատ են, իրենց դիրքորոշումն ազատ կարողացել են արտահայտել, ոչ մի բռնություն չի եղել։ Երբ որ Գյումրիում լարված իրավիճակ էր, մարդկանց էին բռնում, նմանատիպ ճնշումներ էին , ես ամեն ինչից տեղյակ եմ, մարդկանց հետ կապի մեջ եմ եղել, հասկացել եմ՝ կոնկրետ որտեղ կա պրոբլեմ կամ որտեղ կա իմ օգնության կարիքը։ Տիրապետում եմ իրավիճակին, բայց կոնկրետ հրապարակ գալ, հրապարակում ակտիվություն ցուցաբերել իմ մասով, ես իմ խառնվածքով հեռու եմ ու կողմնակից չեմ այն տարբերակին, որ ուրիշի վառած կրակի վրա ձեռք տաքացնեմ, ես հեռու եմ այդ տարբերակից, քանի որ այս շարժումն ունի կոնկրետ առաջնորդ, կոնկրետ պատասխանատու։ Բոլորս գիտենք, որ այս ամենը սկսել է Նիկոլ Փաշինյանը, այս ամեն ինչի ղեկավարն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինչքան տեսնում եմ մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանի մոտ այս ամենը լավ ստացվում է, լավ տիրապետում է այս ամենին, հասել է նրան, որ հանրապետության նորընտիր վարչապետը հրաժարական է տվել և այսօր հստակ իր քայլերն ու օրակարգն է թելադրում, ոնց որ թե ինքն ու իր թիմը լավ տիրապետում են ամեն ինչին ու առաջ են գնում։

Այս պահի դրությամբ ես կարծում եմ՝ ավելորդություն է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի վառած կրակի վրա ձեռքեր տաքացնել։ Ես, բնականաբար, հասկանում եմ և գիտակցում եմ, որ վիճակը պայթունավտանգ է և կարող է լուրջ պրոբլեմներ էլ առաջ գան՝ բախումների տեսքով, սա բոլորիս մտավախությունն է։ Աստված չանի, նմանատիպ զարգացումների, լուրջ խնդիրներ առաջ գալու դեպքում ես պատրաստ եմ կանգնել այդ ամենի մեջտեղում։ Կաշխատեմ, որ գոնե Գյումրի քաղաքում նմանատիպ խնդիրներ առաջ չգան, արյունահեղություն չլինի և ժողովրդի վրա ուժ չկիրառվի։ Թե չէ գալ հրապարակ րոպե շուտ և ուրիշի հաղթանակի վրա նկարահանվել կամ ուրիշի ձեռքբերման վրա գալ ռեկլամ լինել, PR լինել, դա իմը չէ։

Ժողովուրդը՝ գյումրեցիները, լավ գիտեն, որ Մարտուն Գրիգորյանը նմանատիպ բաներից վախեցող չէ, խուսափող չէ, Մարտուն Գրիգորյանը միշտ եղել է գյումրեցիների կողքին, անկախ ամեն ինչից՝ քաղաքական վայրիվերումներից։ Իմ համար առաջնայինը ժողովուրդն է, առաջնահերթը ժողովրդի կարծիքն ու ցանկությունն է, բայց, էլի կրկնում եմ, ժողովուրդը տիրապետում է այս ամեն ինչին ու այս պահի դրությամբ գոնե լուրջ վտանգ չկա՝ համեմատած խաղաղ վիճակ է։

Իսկ ինչ մնում է ցույցերին, հավաքներին, բոլորդ տեսել եք, գիտեք, թե 2014 թվականին համաժողովրդական շարժման ժամանակ, երբ որ եռյակը ոտքի էր ելել և ՀՀ-ում հեղափոխություն էր պատրաստում, Մարտուն Գրիգորյանը Գյումրի քաղաքում ինչ հավաքներ էր կազմակերպում ընդդեմ իշխանության և ամենաշատ ցուցարարներ տանողն էր Երևան։ Եվ Երևանում առաջին գծում կանգնած եմ եղել, հարթակին եմ կանգնած եղել։

Նաև լավ կհիշեք, երբ շատ շատերը վախերից պահ էին մտել իրենց բնակարաններում, դուռ, պատուհան փակել էին իրենց հետևից, որ իրենց չհիշեին, Ավետիսյանների դեպքի մասին է խոսքը, որ հանկարծ այդ փորձանքի մեջ չհայտնվեին, Մարտուն Գրիգորյանն առանց քաղաքական թիմին տեղյակ պահելու կամ առանց իրենցից, այսպես ասեմ, դաբրո ստանալու կամ չստանալու, ժողովրդի կողքին է եղել և մինչև վերջ մնացել է ժողովրդի կողքին և աշխատել է այնպես անել, որ ոչ մեկի քթից արյուն չհոսի։ Եվ հաշվարկ չի արել, որ կարող է իրեն վնաս լինի կամ իրենից արյուն թափի։ Ես գնացել եմ իմ քաղաքի, ժողովրդի, երիտասարդների կողքին եմ կանգնել, իրենց կողքին եմ եղել։

Այնպես որ ցույց տալու կամ ապացուցելու․․․ Այս պահին շատերն այն ժամանակվա բացթողումը վերականգնելու, վերագտնելու քայլեր, ճիգեր են անում, բայց այդ ամենն ավելորդ է, որովհետև այս ամենը հստակ վերագրվում է կոնկրետ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլի մոտ լավ ստացվում է, լավ տիրապետում է , ժողովուրդը նրան հավատում է, ժողովուրդը կողքին կանգնած է։ Իշխանության կողմից այս պահի դրությամբ ժողովրդի նկատմամբ բռնի ուժ չի կիրառվում, ամեն ինչ հանդարտ, խաղաղ ընթանում է։ Ես ուրախ եմ դրա համար և ողջունում եմ մեր ժողովրդին, մեր ժողովրդի ոգին, դուխը, թասիբով կռիվ են տալիս, շատ ողջունելի է։ Եթե ժամանակին բացարձակ ոչ մեկս չէինք հավատում, որ հնարավոր է ժողովուրդը ոտքի կանգնի, խոսքն ասի, այսօր դա արդեն իրականություն է, որի համար ես ուրախ եմ։

-Պարոն Գրիգորյան, դուք վարչապետի պաշտոնում տեսնո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին։

Եթե պատասխանեմ՝ Նիկոլին վարչապետ տեսնում եմ կամ չեմ տեսնում, դա անլուրջ է, քանի որ այսօր հրապարակը՝ մի քանի տասնյակ հազար մարդիկ միահամուռ գոռում են՝ «Նիկոլ վարչապետ», այդտեղից արդեն հասկանալի է, որ ժողովրդի ձայնը կարևոր է, և այսօր ժողովուրդը՝ հավաքվածները, համենայն դեպս, միաբերան գոռում են «Նիկոլ վարչապետ»։

Նա ձեռք է բերել այդ վստահությունը, մեկ-երկու հոգով սկսեց այդ շարժումը, և շատերիս համար անհավանական թվացող, գուցե և անլուրջ թվացող, բայց մարդը կարողացավ ապացուցել, մարդը պայքարեց, քայլեց, քայլեց և կարողացավ հասնել այն արդյունքին, որը նույնիսկ, կարելի է ասել, իր կողքին կանգնած մարդկանց համար էր անհավանական թվում։ Բայց ամեն դեպքում գովելի է, և ինքը կարողացավ կազմակերպել, եթե այդքան բանը կարողացավ կազմակերպել, ճիշտ է՝ վարչապետի պաշտոնը, որը երկրի բոլոր խնդիրներով է զբաղվում, շատ բարդ է, և յուրաքանչյուր անունն էլ որ տաք, կդժվարանամ ասել՝ ինքը կկարողանա՞ վարչապետ աշխատել, թե չէ, բայց այսքան բանն անող մարդը կարծում եմ կունենա հնարավորություն իր կողքը հավաքել այնպիսի մարդկանց, որոնք կկարողանան հարցերի լուծումները գտնել և առաջ գնալ։ Դա կապ չունի Նիկոլ Փաշինյանն է, թե մեկ ուրիշը, եթե կարողանում է հասնել նրան, որ երկրում անհնարին թվացող հեղափոխությունն անի, ուրեմն կկարողանա նաև այդ անհնարին թվացող վարչապետի բարդ աշխատանքը նույնպես կատարել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30