Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան ՀՀԿ-ական բազում պատգամավորներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել քվեարկել վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 25,2018 23:33

«ՀՀԿ-ն պետք է ստանձնի պարտավորություններ իշխանության խաղաղ և անցնցում փոխանցման մասին, ինչքան շուտ դա անի, այնքան լավ ՀՀ-ի և Արցախի հանրապետության համար»,-Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Պարոն Փաշինյանը մի շարք պարզաբանումներ մտցրեց: Անդրադառնալով այն քննարկումներին, թե իբր իրենք հրաժարվել են Կարեն Կարապետյանի հետ բանակցություններից, ասաց. «Ուզում եմ արձանագրել՝ այն ժամանակ, երբ նշանակված էր Մարիոթում մեր բանակցությունը, մեզ զանգում էին ՀՀԿ-ական պատգամավորներ և ասում, որ խնդրում ենք հաշվի առնել՝ Կարեն Կարապետյանն այդ բանակցություններում մեզ չի ներկայացնում:

Դրանից հետո մենք առաջարկել ենք, որ բանակցությունների ֆորմատի քննարկմանը մասնակցեն Կարեն Կարապետյանը, Արա Բաբլոյանը և Վահրամ Բաղդասարյանը: Այս առաջարկն արել ենք, քանի որ ուզում ենք համոզվել, որ բանակցում ենք իշխող կուսակցության և ոչ թե նրա մի փոքր հատվածի հետ: Այսօր էլ՝ քիչ առաջ, ինձ մոտեցան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների ներկայացուցիչներ և պաշտոնապես ասացին, որ այդ պատգմավորները պատրաստ են քվեարկել վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին: Այնպես որ, մենք չենք պատրաստվում ժամավաճառությամբ զբաղվել, մենք պատրաստ ենք բանակցությունների և դրանք, ինչպես նախկինում պնդել ենք, պետք է վերաբերվեն իշխանության խաղաղ և անցնցում փոխանցմանը»:

Նաև անդրադարձավ Կարեն Կարապետյանի՝ դիվանագետների հետ հանդիպումներին և նրան, որ ասում է, թե իբր իրենք հակասահմանադրական գործողություն են իրականացնում, քանի որ ասում են, թե վարչապետի ընտրությունը պետք է տեղի ունենա Հանրապետության հրապարակում. «Վերջին օրերին ինձ տասնյակ դեսպաններ հարցում են, թե իսկապես նման բա՞ն եք ասում: Ի դեպ, այսօր փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ ԱՄՆ դեսպանի հանդիպումից հետո կառավարությունը մի հաղորդագրություն էր տարածել, թե իբր ԱՄՆ դեսպանն ասել է՝ դա ժողովրդավարություն չէ, երբ պահանջում են, որ վարչապետն ընտրվի Հանրապետության հրապարակում: Մենք դեսպանի հետ հանդիպում ունեինք, պահանջեցինք, որ դեսպանին վերագրվող այդ և մյուս հայտարարությունները պարզաբանվեն, և կես ժամ անց կառավարությունն իր կայքից հեռացրեց այդ խայտառակ լրատվությունը»:

Դառնալով իրենց գործողությունների օրինականությանը՝ պարոն Փաշինյանը վստահեցրեց՝ իրենց գործողությունները 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը:

Անդրադառնալով վարչապետի ընտրությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք չենք ասում, որ վարչապետի ընտրությունը պետք է տեղի ունենա հրապարակում: Մենք ասում ենք, որ հրապարակը և ՀՀ ժողովուրդն ունի վարչապետի թեկնածու, և ԱԺ խմբակցությունները պետք է հաշվի նստեն այս քաղաքական իրողության հետ և կոնսենսուսով առաջադրեն այդ թեկնածուին: Բոլոր խմբակցությունները պետք է քվեարկությամբ, ինչպես նախատեսում է ՀՀ սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգ օրենքը, այդ թեկնածուին ընտրեն ՀՀ վարչապետ: Կան ՀՀԿ-ական բազում պատգամավորներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել՝ հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, քվեարկել վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին: Հետևաբար` մեր բոլոր գործողությունները տեղավորվում են սահմանադրության և ԱԺ կանոնակարգի սահմաններում, ու Կարեն Կարապետյանին և նրա թիմին խորհուրդ եմ տալիս դադարեցնել ստահոդ քարոզչությունը»:

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց ուժային կառույցներով չահաբեկել որևէ մեկին ու հայտարարեց. «ՀՀ-ում չեն կարող լինել բախումներ, մի անպատասխանատու պաշտոնյա զրահամեքենա էր մտցրել հրապարակ, ինչի ավարտը եղավ անձնակազմի և քաղաքացիների գրկախառնությունը:

Դառնալով կառավարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ինչպես հայտարարել էի մի քանի օր առաջ՝ Սերժ Սարգսյանը ՀՀ-ում իշխանություն չունի, այսօր էլ հայտարարում եմ, որ Կարեն Կարապետյանը և հրաժարական տված կառավարությունը ՀՀ-ում չունեն որևէ իշխանություն: Ոստիկանության ու ոստիկանության պետի՝ Վլադիմիր Գասպարյանի, այսօրվա հայտարարությունները նշանակում են, որ նրանք հրաժարվում են կատարել Կարեն Կարապետյանի որևէ հրաման: Դա տրամանաբանական է, քանի որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնակատար չէ և չունի որևէ լիազորություն ուժային որևէ կառույցին որևէ հրահանգ տալու: Եթե այդպես համարենք, ուրեմն ես ինքս ուժային կառույցներին հրահանգ տալու շատ ավելի մեծ հիմքեր ունեմ, քան Կարեն Կարապետյանը: Այնպես որ, ՀՀ բոլոր ոստիկաններին կոչ եմ անում րոպե առաջ և անվերապահորեն միանալ մեր հավաքներին»:

Նա ՀՀԿ-ին հորդորեց անգամ չփորձի վարչապետի՝ իր թեկնածուին առաջադրել. «Այդ դեպքում ժողովուրդը կշրջափակի ԱԺ-ի, կառավարության և բոլոր կառավարական շենքերը: Այս պահից Կարեն Կարապետյանին զգուշացնում եմ այլևս ոտք չդնել կառավարական որևէ շենք»:

Օրինակ բերելով Սերժ Սարգսյանին՝ պարոն Փաշինյանը հայտարարեց. «Չկա որևէ այլ պետություն, որտեղ նախկին ղեկավարը մնա երկրում: Իսկ Սերժ Սարգսյանը մինչև այսօր ՀՀ-ում է: Մենք ինչպես խոստացել ենք նրա նկատմամբ հաշվեհարդարի, վենդետայի որևէ փորձ չի եղել, սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն ինքն էլ հասկանում է, որ սա ժողովրդի, ոչ բռնի մի այնպիսի հեղափոխություն է, որի նպատակը ոչ թե վրեժխնդրությունն է, այլ օրինականությունն ու արդարությունը: Եթե նույնիսկ Սերժը Սարգսյանը չի մտածում ՀՀ-ն լքելու մասին, այդ ի՞նչ գործարար է, և ինչո՞ւ է ահաբեկված»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Կարեն Կարապետյանը Մոսկվայի միջոցով լուծել է իր՝ վարչապետ դառնալու հարցը, հայտարարեց. «Այսօր հանդիպում եմ ունեցել Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչների հետ և ստացել հավաստիացումներ, որ ՌԴ-ն չի միջամտում ՀՀ ներքին գործերին… ՀՀ-ն վարձակալության հանած առևտրի կենտրոն չէ: Գնացեք ձեր տարածքները տվեք վարձակալության, արեք ձեր բիզնեսը Երևանում և Մոսկվայում: Բայց չհամարձակվեք ՀՀ-ին վերաբերվել որպես վարձակալության հանած տարածքի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30