Այսօր Հանրապետության հրապարակում հարթակից կոչ արեցին ցուցարարներին, որ այլևս պետհամարանիշները չհանեն եւ մեծ արագություն բացելով՝ չերթեւեկեն քաղաքում՝ վտանգելով նաեւ ուրիշների կյանքը: Մինչ այդ բազմաթիվ ցուցարարներ պետհամարանիշները հանած, ազդանշաններով, մեքենաներից մարմինը կիսով չափ դուրս հանած, «Աշխարհը մերն ա» երգելով, «գազ էին տալիս» փողոցներում եւ պահանջում ազատ, անկախ Հայաստան:
Մեքենաներից շատերի վրա այսօր փակցված էին ՀՀԿ-ական «կարկառուն դեմքերի»՝ Միհրան Պողոսյանի, գեներալ Մանվելի, Առաքել Մովսիսյանի, անգամ՝ կաթողիկոսի նկարները՝ դեմքերին խաչ քաշած:
Դեռ հանրահավաքը չէր ավարտվել՝ 06 մակնիշի մի մեքենա, պետհամարանիշները փակած կայանել էր ուղիղ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում եւ ուղեւորները մեջից դուրս եկած՝ գոռում էին, վանկարկում, ազդանշաններ տալիս:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են վարվում մի խումբ ոստիկաններ այդ մեքենայի հետ: Նրանք պոկում են «ՀՀԿ հեռացիր» կարգախոսը եւ բացում պետհամարանիշները:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ