Վաղը անհնազանդության գործողությունները կսկսեն ժամը 12.00-ից: Նիկոլ Փաշինյանը հարթակից հայտարարեց. «Վաղը ես իմ գործողությունները կսկսեմ ժամը 12.00-ից Լամբադա կամրջի սկզբնամասից դեպի Կոմիտաս տանող տարածք»:
Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ՝ վաղը 19.00-ին տեղի կունենա հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. «Առավոտից նոր թափով և ծավալներով շարունակվում են գործադուլները, դասադուլները, ժողովուրդ ջան, ևս մեկ քայլ ենք անում և ավարտին հասցնում այս պատմությունը: Քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները վերսկսվում են վաղը 12.00-ին:
Ճանապարհների, կամուրջների շրջափակում, գիտեմ, որ 80 բեռնատար է հավաքվել և հիմա Սևան մայրուղու վրա են, և բեռնատարներին կոչ եմ անում վաղը մտնել Երևան և շրջափակել բոլոր այն փողոցները, որոնք հնարավոր են: Կոչ եմ անում բոլոր ավտոմեքենաները 12.05 ամբողջ Հանրապետության տարածքում 20 րոպե կանգնեն և ուղղակի դադարեցնեն երթևեկությունը»:
Հանրահավաքն ավարտվեց, մեկնարկեց Նեմրա խմբի համերգը: Հանրահավաքի կազմակերպիչները հորդորեցին հավաքից հետո ինքնակազմակերպվել և տուն գնալ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ