«Ահա այն իրողությունը, որի հետ այստեղ հավաքվածները, ոստիկանները եւ մյուսները պետք է հաշվի առնեն: Այս իրողությունը, որը տարիների ընթացքում չէր կայանում, այսօր կայացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,-Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման ցուցարարների հանրահավաքում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Ելք» դաշինքի պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
Ապա` նա նշեց. «Խոսակցություններ կան, որ խաղաղապահ զորքերի սպաների են ձերբակալել: Եթե այդպես է, ազատե՜ք նրանց»: Ազատամարտիկը համոզմունք հայտնեց, որ որեւէ ոստիկան իրավունք չունի բռնանալ ժողովրդի ազատության վրա:
«Սա վերածնունդ է՝ երեսուն տարվա վերածնունդ: Իշխանությունները հոխորտում էին, թե սերնդափոխություն են անելու, բայց նոր սերունդը հենց այստեղ է համախմբված»,-եզրափակեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ