Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման ցուցարարների հանրահավաքում այսօր ելույթ ունեցավ նաեւ «Կարգին Հայկոն»՝ դերասան Հայկ Մարությանը: Նա հիշեց. «1988թ.-ին, երբ ես 12 տարեկան էի, եղբորս հետ փախնում էինք տանից, ծնողներին խաբում, թե խաղալու ենք գնում ու գալիս էինք Ազատության հրապարակ: Չէինք վախենում ոչնչից, որովհետեւ այդ օրերին օդում համերաշխության շունչն էր: Երեսուն տարի անց 40 տարեկան մեծ մարդ եմ. երեխաներիս խաբում եմ, թե գնում եմ գործի, բայց գալիս եմ այստե՜ղ, որովհետեւ այստեղ եւս ազատության, համերաշխության եւ սիրո շունչն է տիրում»:
Հայկ Մարությանն ընդգծեց, որ ժողովրդական պայքարի հաղթանակն այժմ փորձում են իրենցից խլել. «Տպավորություն է, թե ՀՀԿ գրասենյակում «կոլա»-ի շիշ է դրած, բացում են ու կարդում՝ «կրկին փորձիր»: Զգուշացեք, որ այդ շշից ժողովրդի ջղայնությունը դուրս չգա»:
Դերասանի խոսքով՝ շատերը որակում են, թե այս շարժումը պաշտոնի կռիվ է. «Ծիծաղում եմ նման մարդկանց վրա…մենք բոլորս եկել ենք այն մտքին, որ կարողանում ենք վստահել արտահերթ ընտրությունների անցկացումը մեկ հոգու՝ Նիկոլ Փաշինյանին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ