«Կարեն Կարապետյանը եւ նրա թիմը ներկայանում են որպես «դրայվոտ» դեմքեր, բայց պարզվում է՝ Քաղաքապետարանը հավաքել է դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին եւ ասել, որ Կարեն Կարապետյանի գրածները «լայքեն»,-Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման ցուցարարների հանրահավաքում այսօր հայտարարեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:
«Նրանք լայքելո՜վ են պահում իրենց վարչապետին»,-ասաց նա, ինչին ի պատասխան ցուցարարները վանկարկեցին՝ «ամո՜թ»… Ապա Արայիկ Հարությունյանը հեգնեց. «Առաջարկում եմ ոչ թե «լայքել», այլ «սրտիկել» Կարեն Կարապետյանին»: Ապա` Արայիկ Հարությունյանը նշեց. «Պատգամավոր Միհրան Պողոսյանը, որն այս օրերին Զեյթունում իր խմբերով թույլ չի տալիս, որ մարդիկ դուրս գան ցույցի, մամուլով կոչ է արել բառացել ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը»:
Ավագանու անդամը հավելեց, որ իրենց շարժմանը միացել են Արմավիրի մարզի Նորապատ, Նորավան, Լուկաշին, Արարատի մարզի Մարմարաշեն, Տավուշի մարզի Կողբ համայնքների ղեկավարները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ