Ապրիլի 23-25-ը (2 օր) հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այն դեպքում, երբ ապրիլի 14-16-ը, էլի 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Գրեթե նույն տվյալներն են եղել մարտ ամսվա ընթացքում, օրինակ, մարտի 17-19-ը, հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Մարտի 24-26-ը արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մարտի 5-7-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բոլոր տվյալները պաշտոնական են` police.am կայքից:
Այսինքն, միջին հաշվով, հանրապետությունում երկու օրվա ընթացքում արձանագրվում է մոտավորապես 15 ՃՏՊ: Իսկ վերջին մի քանի օրերին այդ թիվը ավելի քան կրկնակի աճել է: Վնասվածքներ ստացողների թիվը գրեթե եռապատկվել է:
Զարմանալի ոչինչ չկա` հայտնվել են առանց պետհամարանիշերի մեքենաներ, որոնց վարորդները ամենակոպիտ ձեւով խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները` արագության գերազանցումից եւ հետընթաց երթեւեկելուց սկսած` մինչեւ լուսացույցին չենթարկվելն ու հանդիպակաց գծով քշելը` գրեթե աջակողմյան երթեւեկության պես: Միակողմանի երթեւեկությամբ փողոցներում երկու ուղղությամբ են քշում, հետիոտներին ընդհանրապես չեն զիջում: Դե իսկ հնարավոր ամենաբարձր ձայնով միացված երաժշտության եւ տեղին-անտեղին հնչող ազդանշանների մասին նույնիսկ չարժի խոսել:
Այն, որ արդեն իսկ դժգոհության ալիք է հասունանում հասարակության մեջ նման դրսեւորումների շուրջ` թաքցնելու բան չէ: Այն, որ ոստիկանությունն ըստ էության չի տիրապետում կամ չի ցանկանում տիրապետել իրավիճակին` նույնպես ակնհայտ է: Սակայն գոնե հարթակից պետք է սաստվեն ամենաթողության այս դրսեւորումները, որոնք առաջին հերթին հենց ընդդիմադիր շարժմանը ձեռնտու չեն:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ