Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հանդիպում են ունեցել, այնուհետև երկու երկրների ղեկավարները համատեղ մամուլի ասուլիսում ամփոփել են հանդիպման արդյունքները. Ermenihaber:
Ասուլիսի ընթացքում Էրդողանը, մեկ անգամ ևս հիշեցնելով երկու եղբայրական երկրների ջերմ հարաբերությունների մասին, հայտնել է, որ գալիք ընտրություններում հաղթելուց հետո առաջին երկիրը, որ ինքը կայցելի` կլինի Ադրբեջանը:
Շեշտելով, որ Ադրբեջանը միշտ դժվար պահերին Թուրքիայի կողքին է, Էրդողանն ասել է. «Հուլիսի 15-ից հետո (խմբ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո) մեզ առաջինը կարեկցող ու սատարող եղբայրներիցս մեկը Իլհամ Ալիևն է եղել: «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում նույնպես Ադրբեջանի կառավարությունն ու ժողովուրդը միշտ մեր կողքին են եղել»:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին՝ Էրդողանը պնդել է, որ խնդիրը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով» և ավելացրել. «Ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հարցում վճռական ենք: Հետևողական կլինենք, որ այսօր այստեղ ձեռք բերված բոլոր համաձայնություններն ի կատար ածվեն, և կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր ռազմավարական հարաբերությունները ավելի բարձր մակարդակ տեղափոխենք: