Մելիք-Ադամյան փողոցում առավոտից ոստիկաններ են հավաքված: Այդ հատվածը փակ է քաղաքացիների համար, նրանց զգուշացնում են շրջանցել այդ հատվածը: Տարածքում նաեւ մանուշակագույն ավտոբուսներ կան, որոնք հանվել են գծերից, որպեսզի ոստիկանությունը դրանք օգտագործի: Իսկ Հանրապետության հրապարակում արդեն հավաքվել են մարդիկ, որոնք պետք է մասնակցեն մեկնարկող հանրահավաքին:
Ցուցարարների մեջ նաեւ մոսկվաբնակներ կան: Նրանցից մեկը կոչ արեց ռուսաստանաբնակ այլ երիտասարդների. «Տղերք, մի վախեցեք, եկեք Հայաստան»: Երիտասարդն ասաց, որ հանգամանքների բերումով է դրսում հայտնվել եւ անպայման կվերադառնա Հայաստան:
«Եկել եմ, որ մեր հայ ժողովուրդը հաղթի, օլիգարխներից պրծնի, ինչի պիտի ծերը չկարողանա միս ուտի, պանիր ուտի, երեխա կա սոված ա քնում, էսքան ժողովրդին ինչ պիտի անեն»,- ասում էր ցույցի դուրս եկած մի տատիկ: Նա խոստովանեց, որ երբեք ՀՀԿ-ին չի ընտրել:
Մի խոհարար էլ պատմում էր, որ ստիպված է Ռուսաստանում փող աշխատել, մինչդեռ ընտանիքը կարող էր Հայաստանում աշխատել: «Երկու աղջիկներս օպերային երգչուհիներ են»,-շեշտեց նա: Ապա հավելեց. «Էս ազգին սարքել են բոշա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ