Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:
Կարեն Կարապետյանը կարևորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության, Սահմանադրական ճանապարհով և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով:
Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ