«Մեզ է միացել ՀՀ ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը»,-այս մասին քայլերթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա ցուցադրեց նաեւ ոստիկանի վկայականը:
Ապա, «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակման ժամանակ Գարիկ Թովմասյանն ասաց. «Գործից դուրս եմ եկել եւ ուղիղ եկել այստեղ»:
Թովմասյանն ասաց, որ ինքն աշխատել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունում: Աշխատանքից դուրս գալիս ղեկավարներին ոչինչ չի ասել, թե ինչու է հրաժարվում գործից. «Ես չէի կարող մահակով ու վահանով դուրս գալ իմ ժողովրդի դեմ: Ես պայքարել եմ հանցագործության դեմ, իսկ հիմա չեմ կարող պայքարել իմ ժողովրդի դեմ, ժողովուրդը հանցագործություն չի անում»:
Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընդդեմ ՀՀԿ-ի իշխանության շարժումը քայլերթով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին հանրահավաք է լինելու:
Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն նրանք մեր զանգերին չէին պատասխանում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ