ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի գյուղապետի ուղարկած մարդիկ հարձակվել եւ ծեծել են ճանապարհը փակած 14 երեխային:
Այս առնչությամբ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Aravot.am-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ այդ մասին ոստիկանություն ահազանգ չի ստացվել:
Կարճաղբյուրի հանրապետական գյուղապետ Տարոն Մարգարյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, որպեսզի լուրը ճշտեինք:
Իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակից փորձեցինք ճշտել՝ արդյոք ահազանգը ծնողներից կամ հենց երեխաներից են ստացել: Մեր այս հարցերին ի պատասխան գրասենյակից ասացին. «Ուղղակի նամակ ենք ստացել, հետադարձ կապ չունենք, որպեսզի ճշտենք, ովքեր էին ահազանգողները»: Թե ինչ տեսակի նամակ՝ էլեկտրոնայի՞ն, մեր այս հարցին ի պատասխան էլ գրասենյակից հստակ պատասխան չտվեցին. «Ուղղակի նամակ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը` արխիվային