ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաների ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու, երկու տասնյակ պաշտոնական փաստաթղթեր ոչնչացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական անփութության բազմաթիվ նոր դրվագներ, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 244.000.000 ՀՀ դրամի վնաս:
Այսպես, «Արծվաբերդի» անտառտնտեսությունում 2016թ. նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ իրականացնող խմբում ընդգրկված ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանության պետական տեսչության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանը, ավագ պետական տեսուչ Արմեն Ավագյանը և պետական տեսուչ Կարեն Էրոյանցը ստուգման ընթացքում պարտավոր են եղել արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և իրենց իրավասության սահմաններում դրանց համապատասխան ընթացք տալ, սակայն Ա. Ավագյանը և Վ. Աբրահամյանը անտառտնտեսությունում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակը և պետությանը պատճառված վնասը նվազեցնելու համար խմբով՝ նախնական համաձայնությամբ, անտառտնտեսության 3 անտառապետերից ստացել են խոշոր չափերով կաշառք:
Բացի այդ, երբ ստուգման նախնական արդյունքները հայտնի են դարձել «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ավետիք Ադամյանին, վերջինս, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ստուգող խմբի ղեկավար Վ. Աբրահամյանի հետ, նրա միջոցով ներգործել է ստուգող խմբի անդամների վրա` վերջիններիս դրդելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտում մտցնել կեղծ տեղեկություններ:
Արդյունքում Վ. Աբրահամյանը և Ա. Ավագյանը, տեսչության պետի տեղակալ Վարդան Ասատրյանի գիտությամբ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, անտառտնտեսության տնօրեն Ա. Ադամյանի դրդմամբ անհիմն նվազեցրել են ապօրինի հատված ծառերի իրական ծավալներն ու պատճառված վնասի չափը: Մասնավորապես, Ա. Ավագյանն ու Վ. Աբրահամյանը ոչնչացրել են անտառտնտեսության 34 պահաբաժիններում արձանագրված հաշվեգնահատման ցուցակներից 20-ը, իսկ մնացած 14-ի հաշվարկներում կատարել անհիմն նվազեցումներ: Այնուհետև, դրանց հիման վրա Ա. Ավագյանը, Վ. Աբրահամյանը և Կ. Էրոյանցը կազմել են ստուգման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակտ, որում ապօրինի հատված ծառերի թվաքանակը նվազեցրել են, իսկ բնությանը պատճառված շուրջ 7.100.000 ՀՀ դրամ վնասի փոխարեն արձանագրել են 2.198.250 ՀՀ դրամի վնաս:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը, անտառապետեր Վարդան Թարխանյանը, Ալբերտ Հովհաննիսյանը, Հրաչիկ Ավագյանը և անտառապահ Անդրանիկ Եսայանը ծառայության նկատմամբ դրսևորած անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել հիշյալ անտառտնտեսությունում 2016-2017թթ-ի ընթացքում ապօրինի ծառահատումների դեպքերը ժամանակին արձանագրելու և այդ դեպքերին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու իրենց պարտականությունները, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` 239.168.000 ՀՀ դրամ վնաս/ապօրինի հատված ծառերի քանակը՝ 2542/:
Բացի այդ, պարզվել է նաև, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության «Նորաշենի» անտառպետության անտառապահ Ա. Եսայանն իր հսկողության տակ գտնվող անտառային տարածքի պահաբաժնից ապօրինի ծառահատում իրականացնելու, հատված ծառերը և փայտանյութը անտառից ապօրինաբար դուրս բերելու թողտվության համար 2017 թվականի փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում ինչպես առանձին, այնպես նույն անտառպետության անտառապետ Վարդան Թարխանյանի հետ նախնական համաձայնությամբ, Գեղարքունիքի մարզի բնակիչներից պարբերաբար կաշառք է ստացել:
Այսպիսով, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերը նշված պաշտոնատար անձանց կատարած հանցավոր արարքների հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ` ավելի քան 244.000.000 ՀՀ դրամի վնաս:
Քրեական գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել.
Արմեն Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ),
Կարեն Էրոյանցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով,
Ավետիք Ադամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով,
Ալբերտ Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով,
Հրաչիկ Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով,
Վարդան Թարխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով,
Անդրանիկ Եսայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 311-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն