«Դալմա» առեւտրի կենտրոնի դիմացի փողոցը շարունակվում է փակ մնալ, ցուցարարներին են միացել նաեւ առեւտրի կենտրոնի մի շարք աշխատակիցները: Մի ցուցարար լրագրողներին ասաց, որ ղեկավարությունից հրահանգ են ստացել, խանութները չփակել, գոնե երկու աշխատակից պետք է մնա խանութում.
«Բայց այդ երկու հոգին էլ է ուզում դուրս գա փողոց, գործադուլ անի, միանա մեր պայքարին: Մեր պայքարը հենց դրա դեմ է: Փակել ենք փողոցը, որ բոլորը մասնակցեն, միանան, եթե ուզում են: Այս պայքարը բոլորի համար է, որ ՀՀԿ-ից պրծնենք, որ ոչ մեկի իրավունքները չոտնահարվեն, ով ուզում է՝ մասնակցի: Մեզ ասել են՝ ձեր խանութները չպետք է փակվեն, դա էլ է արգելք, արգելքը էլ ոնց է լինում: Իսկ խանութները փակելու համար տուգանք է հասնում: Մեր երկու կտոր շոր վաճառելու համար սենց բան չպետք է անեն, ժողովուրդը պետք դուրս գա, իր ասելիքն ասի»,- ասաց մի ցուցարար:
Քաղաքի այլ հատվածներում էլ են փողոցները շարունակվում փակ մնալ: Այս պահին «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց ցուցարարները պարում են հենց փողոցի մեջտեղում, երթեւեկությունը կաթվածահար է եղել, բայց վարորդները ոչ թե նախկինի պես դուրս են գալիս մեքենայից ցուցարարների հետ վիճելու, այլ միանում են՝ մեքենաների ազդանշաններով:
Փակ է նաեւ Խանջյան փողոցը, այստեղ ցուցարարները երթով քայլում են՝ պարզած ՀՀԿ-ական որոշ ներկա ու նախկին պատգամավորների լուսանկարներ՝ «մերժիր նրանց» գրությամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ