Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում երեկ Կանոնակարգի հանձնաժողովը միաձայն ընդունեց բանաձեւի նախագիծ եւ առաջարկություն Անկախ հետաքննական մարմնի զեկույցի հետաքննության վերաբերյալ:
Արտաքին հետաքննության մարմնի ներկայացրած փաստաթղթի հիման վրա ԵԽԽՎ-ն վաղը՝ հինգշաբթի, ԵԽԽՎ լիագումար նիստում կանցկացնի քննարկում ու կընդունի նոր զեկույց՝ Պետրա Դե Սուտերի (Բելգիա) զեկույցի հիման վրա:
Նշենք, որ ԵԽԽՎ բյուրոն զեկույցում ներառված պատգամավորներին կոչ էր արել անմիջապես ինքնադադարեցնել իրենց գործունեությունը ԵԽԽՎ-ում, նախատեսվում է նրանց նկատմամբ անհատական պատժամիջոցներ։
Բանաձևի նախագծում ամրագրված է, որ 2017-ի հունվարին խորհրդարանական վեհաժողովը խիզախ որոշում կայացրեց կոռուպցիոն սկանդալներում ներգրավված անձանց նկատմամբ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ: Զեկույցում նաև հնչում են հստակ պատվիրակների անուններ՝ Պեդրո Ագրամունտ, Ռոբերտ Ուոլթեր, Ստեֆ Գորիս, Կրին Շտրենցը, Լուկա Վոլոնտե, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդով, նախկին անդամներ Էլհան Սուլեյմանով, Մուսլիմ Մամմադով, Անդրեաս Գրոս, Ալան Դեստեքս ու այլք։
Ապրիլի 24-ին Վեհաժողովը հաստատեց անկախ արտաքին մարմնի լիազորությունների ժամկետը, ինչը ենթադրում է մանրամասն անկախ հետաքննություն կոռուպցիոն մեղադրանքների հետ կապված:
Փաստաթղթում ամրագրված է, որ վեհաժողովը հավատում է՝ թեեւ զեկույցը հիմնականում վերաբերում է Ադրբեջանի հետ կապված մեղադրանքներին եւ փաստերին, սակայն նմանատիպ դեպքեր կարող են և գրանցվել այլ երկրների իշխանությունների և պատվիրակների շրջանում:
Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ. այսպիսի դրույթ կա զեկույցում: Նշենք, որ ապրիլի 22-ին ԵԽԽՎ Արտաքին հետաքննության մարմինը հրապարկեց զեկույց, որը վերաբերում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից իրականացվող կոռուպցիոն գործարքներին։
Նշենք, որ հետաքննության մարմինը բացահայտել էր Ադրբեջանի կողմից իրականացրած երկու գործունեություն՝ ազդելու ԵԽԽՎ գործունեության վրա՝ լոբբիստական աշխատանքով և կանխիկ գումարների բաժանման միջոցով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ