Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՀԿ խմբակցությունում նիստ էր հրավիրվել: Ենթադրվում էր, որ քննարկվելու է ներքաղաքական իրավիճակը, մասնավորաբար՝ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունները:
ՀՀԿ ԳՄ անդամ, խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նիստում ընթացիկ հարցեր են քննարկվել: Հետաքրքրվեցինք՝ օրինակ, ի՞նչ ընթացիկ հարցեր: «Դրանք ձեզ չեն հետաքրքրի»,- ասաց պատգամավորը, մեր համանման բոլոր հարցերին տալով միեւնույն պատասխանը:
Նկատեցինք՝ ներքաղաքական այս լարված իրավիճակում իշխող Հանրապետականը ի՞նչ ելքեր է տեսնում, ի՞նչ որոշումներ ունի:
Գագիկ Մինասյանն ասաց, որ քննարկումները դեռ ընթանում են, առհասարակ կուսակցությունում քննարկումները երբեք չեն դադարում եւ երբ որոշումներ լինեն՝ դրանց մասին կտեղեկացնեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ