«Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդի ընդվզում, որը արդեն հոգնել էր շատ բաներից»,- «Հենարան» մամուլի ակումբում կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն`անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին: Նա հիշեցրեց`քանիցս է ասել`«գալիս է մի սերունդ, որը սրբելու, տանելու է ամեն ինչ՝ ե՛ւ իշխանությանը, ե՛ւ լճացած ընդդիմությանը»:
Անդրադառնալով երեկվանից զարգացող իրադարձություններին, քաղտեխնոլոգն ասաց. «Նիկոլ Փաշինյանը սկզբնական շրջանում դուրս էր եկել փողոց այլ օրակարգով, որ Սերժ Սարգսյանը չպիտի լինի վարչապետ: Բայց, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում. Նիկոլ Փաշինյանի մոտ բացվեց: Հիմա արդեն կա այլ օրակարգ՝ պետք է հեռանա ՀՀԿ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը»` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է գա»:
Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսն, ըստ քաղտեխնոլոգի, ուղերձ էր միջազգային կառույցներին եւ ուժային կենտրոններին: Հիմա սպասում է այդ արձագանքներին: Բայց, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը «ամենաբարձր պլանկան է դնում», որպեսզի այդ նիշից գնա բանակցությունների:
«Բանակցություններ այսպես, թե այնպես լինելու են, չեն կարող չլինել: Ներքին պայմանավորվածություններ դեռ չկան, այլապես այսօր կողմերը կգնային հանդիպման»,- ասաց նա:
Այլ մանրամասները`տեսանյութում
Քաղտեխնոլոգի կարծիքով, ամեն դեպքում, արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են. հարցն այն է, թե ո՞վ է կազմակերպելու այդ ընտրությունները: Aravot.am-ի հարցին ի պատասխան, բանախոսն ասաց. «Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը պատրաստ է զիջել իշխանության մի մասը, թե որ մասը, չգիտեմ»:
Ինքը`քաղտեխնոլոգը, չի կարող պատասխանել հարցին`կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը վարչապետ լինել: Ասում է`ԱԺ նախագահի պաշտոնում, առհասարակ, խորհրդարանում, տեսնում է Նիկոլ Փաշինյանին, բայց գործադիրում կարո՞ղ է աշխատել կամ ինչպե՞ս կաշխատի`չգիտի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ