Այսօր վաղ առավոտից Վանաձորի աշակերտներն ու ուսանողները կրկին երթի են դուրս եկել: Նրանք շրջում են քաղաքի տարբեր բուհերով՝ կոչ անելով միանալ երթին:
Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողներին թույլ չէին տալիս դուրս գալ փողոց: Ի վերջո, երկար կոչերից հետո նրանց առաջ բացեցին կողպված դռները: «ՀՀԿ հեռացիր, Սերժիկին միացիր», «Ազատ ուսանող» եւ մի շարք կոչերով ուսանողները շրջում են քաղաքի կենտրոնական փողոցներով:
Ի տարբերություն նախորդ օրերի, երթի մասնակիցներին ուղեկցող ոստիկանների թիվը այսօր չափազանց քիչ է:
Այսօր նաեւ ԲՀԿ-ն է որոշել միանալ ցուցարարներին: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս կուսակցությունը չկար ցուցարարների շարքում, ԲՀԿ երիտասարդների միության Վանաձորի համահամակարգող Գարիկ Ղուկասյանը պատասխանեց. «Այսօր մեր կուսակցության Վանաձորի ղեկավարն է միացել եւ մեր երիտթեւն է միացել: Սկզբի օրերին քաղաքական որոշում չունեինք, դրա համար չէինք միանում: Բայց եթե մարդն ուզեցել է ինքնաբուխ միանալ՝ միացել է որպես քաղաքացի: Սա արդեն քաղաքական որոշում է»:
Տաթեւ ՂԱԶԱՐՅԱՆ