Ցուցարարների կողմից Հանրային ռադիոյի վրա գրոհելու առիթով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն խտրական վերաբերմունք չի դրսեւորել: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իրենց զեկույցում հաշվի՞ են առել նաեւ այդ դեպքը, թե՞ խտրական վերաբերմունք են դրսեւորել: Աշոտ Մելիքյանը հիշեցնում է նաեւ, որ ապրիլի 19-ին այդ առիթով իրենք հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Իսկ կոմիտեի այսօր հրապարակած զեկույցում Երեւանում 11 օր ընթացող բողոքի ցույցերի ընթացքում արձանագրվել է լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների հետեւյալ խախտումները. նախնական տվյալներով՝ տուժել է տարբեր ԶԼՄ-ների 27 աշխատակից, նրանցից 16-ը ենթարկվել է ֆիզիկական բնության, գրանցվել է տարատեսակ ճնշումների 2 դեպք, եւս 9 լրագրող տուժել է հատուկ միջոցների կիրառման, հրմշտոցի, ինչպես նաեւ շփոթմունքի հետեւանքով, երբ լրատվամիջոցի ներկայացուցչին նույնացրել են ցուցարարի հետ եւ ոստիկանները փորձել են բերման ենթարկել: ԽԱՊԿ-ը հետեւելու է ԶԼՄ-ների իրավունքների խախտման դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքին, անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը կտրամադրի նաեւ իրավաբանական օգնություն՝ տուժող լրագրողների եւ լրատվամիջոցների շահերը պաշտպանելու համար:
Աշոտ Մելիքյանին շատ է զարմացրել Երեւանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի պահվածքը, երբ «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանին նա արգելել է նկարել ոստիկանական զրահատեխնիկան: Աշոտ Մելիքյանը Հունան Պողոսյանին համարում է ոստիկանության ղեկավարության բարեկիրթ անձանցից, ասում է՝ նրան Լեւոն Երանոսյանի հետ չես համեմատի, ու ցավալի է համարում, որ վերջինս այդ պահվածքն է սկսել որդեգրել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ