«Հեռուստաընկերությունները կորցնում են լրատվամիջոցի իրենց դերը եւ աստիճանաբար դառնում են շոու -բիզնեսի հարթակ»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կարծիք հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Բանախոսը վստահ է, որ այսպիսով հայաստանյան հեռուստաընկերությունները արագացնում են դաշտը օնլայն հեռարձակվող լրատվամիջոցներին զիջելու օբյեկտիվ գործընթացը:
Անդրադառնալով ցույցերի ընթացքում լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ բռնությունների դեպքերին, մասնավորաբար՝ պատասխանելով ցուցարարների կողմից Հանրային ռադիոյի շենք ներխուժելու, մեղադրանքներ հնչեցնելու եւ պահանջներ ներկայացնելու փաստին, Բորիս Նավասարդյանն ասաց, որ Հանրային ռադիոն անմիջական թիրախ չէր, այլ խորհրդանշական թիրախ էր, քանի որ ընկալվում է իբրեւ համապետական լրատվամիջոցների ներկայացուցիչ: Ըստ նրա՝ ավելի հեշտ քայլ էր ռադիոյի շենքի վրա գրոհելը, քան թե որեւէ հեռուստաընկերության. դրանք պարզապես քաղաքի ծայրամասերում են:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
2015 եւ 2016 թվականների բողոքի ցույցերի համեմատությամբ, ըստ Բորիս Նավասարդյանի, այժմ Երեւանում ընթացող ցույցերի նկատմամբ ուժային կառույցների, մասնավորաբար՝ ոստիկանության կողմից, նկատելի է մեղմ վերաբերմունք, ինչն անդրադառնում է նաեւ լրատվամիջոցների աշխատանքի վրա: Բանախոսը սա կապում է իրավիճակի փոփոխության հետ, նաեւ միջազգային կառույցների կողմից սպասվելիք ֆինանսական աջակցությունների: Բացի այդ, առջեւում ապրիլի 24-ն էր, այդ օրը հնարավոր չէր կառավարել մարդկանց հոսքը եւ շատ քաղաքական որոշումներ նաեւ դրանով էին պայմանավորված:
Այսօր սկսված բողոքի ցույցերն, ասում է՝ արդեն այլ իրավիճակում են ընթանում եւ զգուշացնում է՝ միջազգային կառույցների կողմից իշխանության նկատմամբ մեղմ վերաբերմունքը, որն արտահայտված է այս օրերին արված տարբեր հայտարարություններում, բնավ էլ չի նշանակում, որ հետեւանքներ չեն լինելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ