Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին:
Թրամփը ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում այս անգամ ևս կիրառել է «Մեծ եղեռն» եզրույթը։
Հրապարակված գրավոր հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունն ԱՄՆ-ի նախագահի ուղերձում կիրառված եզրույթները որակել է որպես «սխալ» և «սուբյեկտիվ»։
«Մենք ԱՄՆ-ից ակնկալում ենք, որ վերջինս արդար դիրքորոշում հայտնի այդ շրջանում օսմանահպատակ բոլոր ժողովուրդների ապրած ցավի վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվել է, որ Թուրքիան շարունակում է հայկական կողմին առաջարկել բացել արխիվները և ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որոնք կուսումնասիրեն 1915թ. տեղի ունեցածը։
Հիշեցվել է, որ Պոլսի հայոց պատրիարքարանում պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «մահացած օսմանցի հայերի»:
Թուրքիան նաև ԱՄՆ-ին խորհուրդ է տվել ուսումնասիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս տարվա ապրիլի 24-ի նամակը՝ հղված Պոլսի հայոց պատրիարքարանին։
Չնայած քննադատություններին՝ այնուամենայնիվ հայտարարության վերջում գոհունակությամբ է ընդունվել այն հանգամանքը, որ ուղերձը դուրս չի եկել «միջազգային իրավական նորմերի սահմաններից» և 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ չի կիրառվել ցեղասպանություն եզրույթը։