Ինչպես արդեն հայտնել ենք, առավոտից Հանրապետության հրապարակից երթերը մեկնարկել են, փակվել են մի շարք փողոցներ:
Այս անգամ Հանրապետության հրապարակում են թե՛ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, «Ելքի» մյուս պատգամավորները, թե՛ ԲՀԿ-ականները, անգամ այն պատգամավորները, որոնք կողմ էին քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն:
Հիշեցնենք, որ 31 հոգանոց «Ծառուկյան» դաշինք խմբակցությունից 12-ը կողմ էր քվեարկել:
Վարդան Բոստանջյանը, որը կողմ քվեարկող պատգամավորներից էր, 1in.am-ի հետ զրույցում ասաց՝ սխալվել եմ, հանգամանքների բերումով ստացվել է, դա սխալ էր: Բոստանջյանն ասաց, որ կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ վարչապետ լինելու հարցում, քանի որ նա հաղթանակած է՝ որպես համաժողովրդական շարժման ղեկավար:
Իսկ Արարատ Զուրաբյանը հայտնեց, որ սպորտի ոլորտի ներկայացուցիչները, բոլորը միանում են շարժմանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը նույնպես:
Փաշինյանին ուղեկցող երթի մասնակիցներին քիչ առաջ տեղեկացրեցին, որ Ջավախքը նույնպես միանում է շարժմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ