Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝
Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության եւ դրա հետեւանքների մասին
– Ապրիլի 23-ին Հայաստանում տոնում էին թավշյա հեղափոխության, նաեւ «ղարաբաղյան կլանից ազատվելու» հաղթանակը: Հայկական երկրորդ պետությունում՝ Արցախում, ինչպե՞ս են վերաբերվում հայաստանյան իրադարձություններին: Հնարավո՞ր է թավշյա հեղափոխության ոգեւորությունը նաեւ Արցախ հասնի՝ ժողովրդավարական ընտրություններով նոր իշխանություն ձեւավորվի:
– Կարող եմ միայն անձնական տպավորություններ փոխանցել: Խորապես ցավում եմ, որ Սերժ Սարգսյան շատ փորձառու գործիչը սխալվեց: Նա կարող էր հեռանալ նախագահի պաշտոնից եւ Հայաստանի քաղաքական կյանքում մնալ լրջագույն դերակատար՝ որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ: «Ղարաբաղյան կլանի» մասին ասվածը խիստ չափազանցություն է: Հայաստանում վերջին տասը տարիներին եղել է կոալիցիոն՝ ՀՀԿ-ՀՅԴ իշխանություն: Ինչ վերաբերում է վերջին նկատառմանը, ապա չեմ կարծում, թե Արցախում «հեղափոխության անհրաժեշտություն» կա: Բայց մթնոլորտի փոփոխություն, ամենայն հավանականությամբ, կլինի: Ի վերջո, ծագելու է հայաստանյան նոր իրողությունների հետ հաշվի նստելու անհրաժեշտություն:
– Ձեր կարծիքով՝ ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում: Տեղի ունեցածը թավշյա հեղափոխությո՞ւն էր, թե՞ դրա սկիզբը:
– Ամեն ինչ միայն սկսվում է: Հրապարակն իր գործն արել է: Հիմա քննարկումները պետք է տեղափոխվեն «փակ տարածություն», հույզերը մոռացվեն: Ընդդիմության առաջնորդի ուսերին ահռելի պատասխանատվություն է ծանրացել: Եվ այստեղ նա չի կարող ապավինել փողոցի տրամաբանությանը: Յուրաքանչյուր քայլ պետք է հաշվարկվի ոսկերչական ճշգրտությամբ, որպեսզի հաղթողի էյֆորիան նրան չտանի ծայրահեղականությունների: Այլ բան է քառասուն-հիսուն հազար մարդու առաջնորդել, որ «գրավեն Բաստիլը», բոլորովին այլ՝ մտնել պետության եւ ամբողջ ժողովրդի, այդ թվում՝ երեկվա քաղաքական մրցակիցների կամ հակառակորդների համար բացառիկ պատասխանատվության տակ: Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներում ագրեսիվության ընդգծված նոտաներ կան: Ես կցանկանայի, որ նա արագորեն հաղթահարեր «հաղթողներին չեն դատում» մտայնությունը: Նույն հրապարակը վաղը նրան կսուլի եւ կտապալի, եթե Փաշինյանը գործնական քաղաքականության մեջ դրսեւորվի որպես արմատական հեղափոխական: Նա պարտավոր է հաշվի նստել իրականության եւ քաղաքական իրողությունների հետ: Հակառակ դեպքում ոչինչ չի փոխվի: Չէ՞ որ հանրապետականներն էլ ասում էին. «Մենք հաղթել ենք եւ ամեն ինչ որոշելու իրավունք ունենք»: Իրականությունը դաժանորեն վրեժխնդիր եղավ: Նիկոլ Փաշինյանը նույն ջուրը մտնելու իրավունք պարզապես չունի:
– Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն: Ի՞նչ եք կարծում, դրանք ե՞րբ պետք է սպասել: Առհասարակ, Ձեր գնահատմամբ, զարգացումներն ի՞նչ ուղղությամբ կգնան՝ նկատի ունենալով նաեւ միջազգային արձագանքներն ու անդրադարձերն այս ամենին:
– Արտահերթ ընտրություններն, անշուշտ, իրավիճակի հանգուցալուծման ամենաօպտիմալ տարբերակն է: Բայց ո՞վ է կազմակերպելու դրանք: Փաշինյանն ուզում է նշանակվել վարչապետ, ԱԺ-ում երկու անգամ տապալել կառավարության ծրագրի հաստատումը, որից հետո պառլամենտը կցրվի իրավունքի ուժով, բայց ինքը կմնա վարչապետի պաշտոնակատար եւ այդ կարգավիճակով էլ կկազմակերպի արտահերթ ընտրությունները: Դա, մեղմ ասած, բոնապարտիստական հավակնություն է: Իմ կարծիքով՝ պետք է համաձայնեցնել անցումային վարչապետի թեկնածություն, կոնսենսուսի գալ մի երրորդ՝ ոչ կուսակցական, զուտ մենեջերական-տեխնիկական անձի շուրջ, ձեւավորել ժամանակավոր կառավարություն եւ մեկնարկային հավասար իրավունքներով գնալ խորհրդարանական ընտրությունների, որպեսզի ոչ մի կուսակցություն 20-25 տոկոսից ավելի քվե ստանալու հավակնություններ չունենա: Մոտակա հինգ-տասը տարիներին Հայաստանի համար ամենաընդունելին իրական կոալիցիոն կամ ազգային համաձայնության կառավարությունն է: Այդ դեպքում իշխանության լեգիտիմությունը թե՛ ներքին, թե՛ մանավանդ արտաքին ընկալումներում անհամեմատ բարձր կլինի, քան եթե Փաշինյանի կուսակցությունը կազմի մեծամասնություն:
– Ուշագրավ էր, որ ՌԴ իշխանությունները, որ մշտապես սատարել էին Սերժ Սարգսյանի քաղաքականությունը՝ անգամ Հայաստանի ներքին գործերին միջամտելով, անգամ, երբ բռնություններ էին կիրառվում, անգամ երբ ընտրություններ էին կեղծվում, հիմա որոշեց, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, Հայաստանի ներքին խնդիրներն են: Այդ հայտարարությունները հնչեցին ՌԴ նախագահի մամուլի խոսնակի կողմից: Ինչո՞ւ այս անգամ ՌԴ-ն չսատարեց յուրայինին:
– Հայ-ռուսական հարաբերությունների մասին իշխող պատկերացումները խեղաթյուրված են: Մեզանում տպավորություն կա, թե «ամեն ինչ Պուտինն է որոշում»: Հիմա էլ նույնիսկ կարծիք է շրջանառվում, որ Ռուսաստանն է Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրել: Համոզված եմ, որ դա այդպես չէ, ինչպես եւ ճիշտ չէ, որ Սերժ Սարգսյանը տասը տարի պաշտոնավարել է Ռուսաստանի երաշխիքներով: Հայաստանը չափազանց լուրջ սուբյեկտ է եւ օժտված է ավելի մեծ անկախությամբ ու ինքնիշխանությամբ, քան իր անմիջական հարեւաններ Վրաստանը եւ Ադրբեջանը: Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախությունը եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման ներկայիս գիծը դրա ապացույցն են: Այդ է պատճառը, որ արտաքին որեւէ ուժ, այդ թվում եւ Ռուսաստանը, միջամտության փորձ չարեց: Դա չափազանց թանկ կապիտալ է, որ պետք է ծառայեցնել ավելի ուժեղ, ժողովրդավարական եւ համարձակ Հայաստան կառուցելու ընդհանուր գործին: Եվ այդ պատասխանատվությունն ընկնում է նոր իշխանության վրա: Հեռացող Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը չդառնա արտաքին մրցակցության թատերաբեմ: Դա նրա վերջին հայրենանպաստ քայլն էր, որը նորերի կողմից պիտի գնահատվի եւ պահպանվի:
Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ»
25.04.2018