Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը պետք է հեռանա եւ ՀՀԿ-ից ոչ ոք չպետք է վարչապետի թեկնածու լինի եւ, եթե ոչ արտահերթ ընտրությունների սցենարը չլինի եւ յոթնօրյա ժամկետում հանրապետականը թեկնածու առաջադրի, խմբակցությունն ունի՞ արդյոք իր թեկնածուին, հնարավո՞ր է հենց նա լինի այդ թեկնածուն Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես շատ եմ հարգում, բոլոր մեր քաղաքական գործիչների եւ լիդերների քաղաքական կարծիքը, բայց երբ որ մենք խոսում ենք քաղաքական մշակույթի, հանդուրժողականության մասին, կարելի է քննադատել, բայց չի կարելի ուլտիմատումով ասել՝ սա պիտի չլինի, նա պիտի լինի, ո՞վ է դա որոշում: Մի տարբերակը որոշելու դա ընտրությունն է: Գուցե նրան, ում որ Նիկոլ Փաշինյանը չի սիրում, մի զանգված սիրում է: Եվ՝ հակառակը: Հիմա հակառակ կողմն էլ դուրս գա, ասի այս կուսակցությունը պետք է վերացնե՞նք: Հասկանում եք, մենք ինչի՞ն ենք ուզում գնանք՝ դիկտատուրային ենք ուզում գնանք, ուզում ենք թելադրանքի՞ն գնանք: Ընտրություն անենք՝ հասկանանք մեր զանգվածն ում է ուզում:
Հաջորդ ընտրություններն էլ են ունենալու թերություններ: Ես ոչ թե կանխավ եմ ասում, որպեսզի ինչ-որ բաներ արդարացնեմ, ոչ, բայց մենք ձեր հետ, հարազատ քաղաքացիներ, պետք է հասկանանք, որ այն պրոբլեմները, հիվանդությունները, կրթվածության, կախվածության մակարդակը, բոլոր այն ցավերն ու հիվանդությունները, որ մեր հասարակությունն ունի, տեղափոխվում են քաղաքական կուսակցություններ եւ այդ հիվանդություններն առկա են բոլոր քաղաքական կուսակցություններում՝ այդ թվում մեր կուսակցությունում, մեր քաղաքական թիմում: Ռեգուլյար, մենք պետք է դրա վրա աշխատենք, որպեսզի այն փոխվի»:
Վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվեցին նաեւ, թե ի՞նչ մթնոլորտ է Հանրապետական կուսակցության ներսում: Հարցին, թե խոսակցություններ կան, որ կուսակցությունում արդեն խլրտումներ կան, Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ աշխատանքային մթնոլորտ է:
Այն հարցին էլ, թե ընդդիմությունը վերջերս դժգոհություն էր արտահայտում ռեյտինգային ընտրակարգի մասով, արտահերթ ընտրություններից առաջ իշխանությունը պատրա՞ստ է վերացնել ռեյտինգային ընտրակարգը, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Դա իշխանության խնդիրը չէ, դա քաղաքական ուժերի խնդիրն է, խորհրդարանի խնդիրն է եւ ես հայտարարել եմ, որ որեւիցե սահմանափակում չկա, թող քաղաքական ուժերը հանդիպեն, որպեսզի այնպես չլինի, որ մի քաղաքական ուժի թելադրանքով է, կամքով է՝ ամենալավ, անկեղծ, լավ, հայրենասիրական պոռթկումներից ելնելով: Ես չեմ բացառում դա, բայց քաղաքական ուժերը որոշեն՝ ինչպես ենք անում արտահերթ ընտրություններ, ինչպես ենք փոխում խաղի կանոնները, եթե այդպիսի անհրաժեշտություն չկա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ