Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական զարթոնք՝ թավշյա հեղափոխությամբ. ի՞նչ է սպասվում վաղը

Ապրիլ 25,2018 11:23

Սկիզբը՝ այստեղ

Տապալված հանդիպում

Համաժողովրդական շարժման տասնօրյա արդյունքն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի 2-3 րոպեանոց հանդիպումն էր, որը հրապարակային երկխոսություն այդպես էլ չդարձավ, այն տապալվեց: Նիկոլ Փաշինյանը նախ հստակեցրեց, որ խոսքը ոչ թե Ս. Սարգսյանի առաջարկած երկխոսության մասին է, այլ իր առաջարկած օրակարգի մասին է. «Ես եկել եմ այստեղ քննարկելու ձեր հրաժարականի պայմանները եւ իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հետեւաբար ձեզ կոչ եմ անում երկխոսություն տերմինը չօգտագործել»:

«Դա բանակցություն չէ, երկխոսություն չէ, դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից: Եվ եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է ձեզ մեկ անգամ եւս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ եւ ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է՝ ընտրեք»,- ասաց Ս. Սարգսյանը: Ի պատասխան՝ Փաշինյանը հավելեց. «Պարոն Սարգսյան, ուրեմն ես ուզում եմ, որ շատ հստակ լինի, որ ընդհանրապես մեզ հետ որեւէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել սպառնալիքների տոնով խոսել: Ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը: Իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին դուք գիտեք 15-20 օր առաջ: Իրավիճակը ՀՀ-ում փոխվել է: Դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, ինչի մասին ձեզ զեկուցում են: Հայաստանում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»: Սերժ Սարգսյանն էլ հավելեց. «Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու: Եվ ես այլեւս ցանկություն չունեմ ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում, ցտեսություն»:

Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանը շարունակեց ասուլիսը, քաղաքացիներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները: Իսկ հարցին, թե կրկին կհանդիպի՞ Սերժ Սարգսյանի հետ, հստակ պատասխանեց. «Ես ասել եմ, որ պատրաստ եմ քննարկել իշխանությունից հրաժարվելու անցնցում, խաղաղ պայմանները: Որ պահին կհամաձայնի Սերժ Սարգսյանը, այն պահին կհանդիպենք»:

Սերժ Սարգսյանի անսպասելի հրաժարականը

Տապալված երկխոսությանը հետեւեցին իրավապահների կոշտ գործողությունները ցուցարարների նկատմամբ՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ապա ԱԺ երեք պատգամավորների եւ հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելու գործընթացները: Հատկանշական է, սակայն, որ Սերժ Սարգսյանը իրավապահների նշյալ գործողությունների պայմաններում էլ չփակեց երկխոսության դուռը: Նույն օրը երեկոյան նրա մամուլի քարտուղար Հովհաննես Նիկողոսյանը NEWS.am-ի հետ զրույցում նախ պարզաբանեց Սերժ Սարգսյանի` մարտի 1-ից դասեր չքաղելու վերաբերյալ արտահայտությունը. «Ցավում ենք, որ նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների: Բաժանարար գծեր ստեղծելու դառը փորձ մենք ունենք՝ ի դեմս 2008-ի հետընտրական զարգացումների, որը հաղթահարելու համար մեր հասարակությունից եւ իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվել: Հենց այդ դասերն է, որ իշխանությունը եւ հասարակության մեծամասնությունը քաղել են պատմությունից, որից հիմա պետք է ամեն գնով խուսափել: Այդ սխալ ճանապարհից պարոն Փաշինյանին երկրորդ անգամ զերծ պահելու համար էր երեկ հրապարակ գնացել հանրապետության նախագահը, եւ այդ նպատակով է այսօրվա հանդիպմանը նման հորդոր հնչեցրել երկրի վարչապետը: Հանրապետության վարչապետը բաց է մնում իրական երկխոսություն ծավալելու հարցում, եւ ներկայումս էլ չեն դադարում այդ ուղղությամբ ջանքերը»:

Ի՞նչ փոխվեց մեկ գիշերում, ովքեր եւ ինչպիսի ազդեցություն ունեցան իրավիճակի վրա, որի արդյունքում Սերժ Սարգսյանը կայացրեց անսպասելի որոշումը… «Դիմում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին եւ փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող եւ իրենց պարտքն անտրտում իրականացողներին, դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին եւ օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին, դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին եւ գործիչներին։ Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Խաղաղություն, ներդաշնակություն եւ տրամաբանություն մեր երկրին»,- ապրիլի 23-ին հայտարարեց Ս. Սարգսյանը:

ԵՄ-ի աննախադեպ ակտիվությունը

Անցյալ շաբաթվա վերջին հայաստանյան իրադարձություններին ուշիուշիով հետեւում էին Արեւմուտքում, եւ ոչ միայն հետեւում: Նույնիսկ հանգամանքը, որ շաբաթ-կիրակի օրերից Բրյուսելից ակտիվություն, ավելին՝ հայտարարություններ չարժե սպասել, պարզվեց՝ հայաստանյան իրադարձությունների դեպքում բացառություն էին:

Նախ` ապրիլի 20-ի երեկոյան տեղեկատվություն տարածվեց Բրյուսելից այն մասին, որ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Հաջորդ օրն արդեն Տուսկի եւ Յունկերի համատեղ շնորհավորական ուղերձը հրապարակվեց. «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները ամրապնդվել են 2017թ. նոյեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ անցած փետրվարին ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի ստորագրմամբ: Ակնկալում ենք շարունակել Ձեզ հետ համագործակցությունը Ձեր նոր պաշտոնում, մասնավորապես նոր Համաձայնագրի իրականացման, ներառյալ՝ ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այս համատեքստում մենք հավատացած ենք, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն հարգելու քաղաքացիների՝ հավաքների ազատության իրավունքի իրացումը խաղաղ եղանակով եւ օրենսդրությանը համապատասխան: Վերջում, մենք ապավինում ենք Ձեր շարունակական դրական ներգրավվածությանը Արեւելյան գործընկերության շրջանակներում, ինչպես նաեւ մեր ընդհանուր ջանքերին՝ միտված անվտանգության, կայունության, ժողովրդավարության եւ բարեկեցության ամրապնդմանը Հայաստանում, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանում»:

Ապրիլի 22-ին տարածվեց Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների շտապ հայտարարությունը, որով ԵՄ-ն ողջունում էր նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների եւ կառավարության միջեւ երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը: Սակայն ԵՄ-ում մտահոգված էին, որ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարճատեւ հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը: ԵՄ-ն վերահաստատել էր, որ շատ կարեւոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն, ինչպես նաեւ ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով:

Կիրակի օրը նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն տարածեց, որով ոստիկանությանն ու ցուցարարներին խստորեն հորդորում էր հետեւել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ. «Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից եւ կանխել լարվածության սրացումը: Մեզ անհանգստացնում են լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն»:

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԱՄՆ Պետքարտուղարությունն արդեն շնորհակալություն հայտնեց նրան՝ երկար տարիների ծառայության եւ հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու համար: «Հուսով ենք, որ նրա հաջորդին որոշելու ժողովրդական գործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով` համաձայն ՀՀ օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների: Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը: Մենք շարունակում ենք մոտից հետեւել Հայաստանում տիրող իրադրությանը եւ բոլոր կողմերին հորդորում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրադրության սրումից եւ բռնի որեւէ գործողությունից»:

Մոսկվան զուսպ էր, սառնասիրտ, ապա՝ խանդավառված

Թեեւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժման առաջին օրերին Ռուսաստանից, ավանդույթի համաձայն, խանդոտ, ջղաձիգ հայտարարություններ էին հնչում, դարձյալ Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների հետեւում տեսնում էին արեւմտյան ուժերի աջակցությունը, մթնոլորտը փոխվեց արդեն հանգուցալուծման պահին, որոշակի պահից սկսած երեւանյան իրադարձությունները ռուսաստանյան մամուլում լուսաբանվում էին առավել հավասարակշռված:

Պաշտոնական Մոսկվայից հնչող հայտարարությունները զուսպ էին, եւ երեւանյան թեժ իրադարձություններին ՌԴ-ն, կարելի է ասել, զարմանալիորեն սառնասրտորեն էր արձագանքում: Ապրիլի 18-ին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանելով հարցին՝ հետեւո՞ւմ է արդյոք Մոսկվան Երեւանի իրադարձություններին, հույս էր հայտնել, որ իրավիճակը Հայաստանում կզարգանա օրենքի շրջանակում: Նա հիշեցրել էր, որ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ էր հղել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ. «Մենք հետեւում ենք՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում, եւ, գլխավորը, հույս ունենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի շրջանակում»:

Ապրիլի 19-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել էր Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով. «Մենք համոզված ենք, որ բարեկամական Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով՝ իրավական դաշտում»:

Ապրիլի 23-ին Պեսկովը եւ Զախարովան կրկին մեկնաբանություններով հանդես եկան: ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Ժողովուրդը, որ ուժ ունի իր պատմության ամենաբարդ պահերին անգամ չպառակտվել եւ պահպանել հարգանքը միմյանց նկատմամբ, չնայած կտրուկ տարաձայնություններին, հզոր ժողովուրդ է: Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»: Իսկ Պեսկովը փաստել էր, որ Մոսկվան չի միջամտի Հայաստանում առկա հակամարտությանը: «Ինչո՞ւ Մոսկվան պետք է միջամտի: Աշխարհաքաղաքական դատողությունները տեղին չեն: Դա բացառապես Հայաստանի ներքին գործն է: Մենք շատ ուշադիր հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հայաստանը մեր մոտ դաշնակիցն է: Երկիր, որի հետ զարգանում են ամենասերտ հարաբերություններ, ԵՏՄ անդամ»: Հարցին՝ կլինե՞ն ինչ-որ խորհրդակցություններ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ, Պեսկովը պատասխանել էր. «Կրեմլի մասով ես ոչինչ չեմ կարող ասել: Դուք գիտեք, որ վերջերս նախագահը շփումներ է ունեցել: Նախագահը շնորհավորել է գործընկերներին ընտրվելու առթիվ»: Արդեն ապրիլի 24-ին Կրեմլից նշում էին, թե գոհ են, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը չի գնում ապակայունացման ճանապարհով, եւ հույս էին հայտնում, որ կայունությունը կպահպանվի, եւ քաղաքական փոխհամաձայնություն կհաստատվի: «Այն, ինչ կատարվում է Երեւանում, մեր հայ բարեկամների, դաշնակիցների ներքին գործն է», – կրկին հայտարարեց ՌԴ նախագահի խոսնակը՝ հավելելով. «Հույս ունենք, որ Հայաստանում կպահպանվեն կարգուկանոնը, կայունությունը, եւ ամենամոտ ժամանակում ի հայտ կգան հայ ժողովրդին ներկայացնող ուժերի փոխհամաձայնությամբ որոշված քաղաքական կոնֆիգուրացիայի ուրվագծերը»:

Իսկ ահա ռուսաստանցի խորհրդարանականների հայտարարություններն առավել խանդավառ էին: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ ՌԴ Պետական դումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Իգոր Լեբեդեւը ողջունելով Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ նշել էր. «Հայ ժողովուրդն ուզածին հասավ, ապրե՛ն, ոչ ոք չի ուզում տասնամյակներով նույն մարդուն տեսնել իշխանության գլուխ: Անհրաժեշտ է իշխանության եւ կուսակցությունների փոփոխություն»: Իսկ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նշել էր, որ Սերժ Սարգսյանն արիական եւ իմաստուն որոշում է կայացրել. «Նա չգնաց արյունահեղության, ժողովրդի դեմ չհանեց հատուկ ուժերը, այլապես դա չափազանց վատ կավարտվեր»: «Ինչպես էլ ավարտվի բողոքների իրավիճակը Հայաստանում, Մոսկվան վստահ է, որ Հայաստանի հարաբերությունները ՌԴ-ի հետ չեն փոխվի»,- նկատել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը: «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Հայաստանի ներքին գործն է: Գլխավորը, որ առճակատում չլինի, եւ գործընթացը կայունանա»,- ասել էր Ջաբարովն ու հավելել, որ Հայաստանում իրավիճակը տարբերվում է ուկրաինական «Մայդանի» զարգացումներից. «Ուկրաինայում կար դրսի ուժերի ուղղակի միջամտություն, սցենարն արեւմտյան երկրներն էին գրել: Հայաստանում, կարծես, նման բան չկա»:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 25.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30