Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաքրելով հայկական հիշողության փոշին. “El País” պարբերականի անդրադարձը իսպանական արխիվներում պահվող Հայոց ցեղասպանությունը փաստող փաստաթղթերին

Ապրիլ 25,2018 11:13

Անդրադարձ իսպանական արխիվներում պահվող Հայոց ցեղասպանությունը փաստող փաստաթղթերին

Ս.թ. ապրիլի 24-ին իսպանական “El País” հեղինակավոր պարբերականը անդրադարձել է իսպանական արխիվներում պահվող Հայոց ցեղասպանությունը փաստող փաստաթղթերին: Մեծ հետաքրքրություն և արժեք են հատկապես ներկայացնում ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում գործող իսպանական դիվանագիտական ներկայացուցչությունների՝ այդ թեմայով դիվանագիտական գրագրությունը:

Կցվում է հոդվածի լինքը և թարգմանությունը:

Մաքրելով հայկական հիշողության փոշին

Պատմության ազգային արխիվում պահվում է Օսմանյան կայսրությունում հավատարմագրված իսպանական դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների գրագրությունը, որտեղ նկարագրվում են այն հանցագործությունները, որ թուրքերն իրականացրել են հայ ժողովրդի նկատմամբ՝ սկսած 1915 թվականից: Ինչպես յուրաքանչյուր ապրիլի 24-ին, հազարավոր հայեր և հայուհիներ դուրս են գալիս Բունոս Այրեսի, Մոսկվայի, Լոս Անջելեսի, Փարիզի և Երևանի փողոցներ, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ իրականացված 20-րդ դարի առաջին լայնամասշտաբ հանցագործությունը: Ծրագրված և համակարգային ոչնչացման արդյունքում իրենց կյանքը կորցրեցին քրիստոնյա փոքրամասնությանը պատկանող 1.5 մլն մարդ:

Գրագրությունը ներառում է Մադրիդ ուղարկված գաղտնի հեռագրեր, ձեռագրեր, վիճակագրություն, մամուլից հատվածներ և քարտեզներ: Փաստաթղթերը կազմում են Կոստանդնուպոլսում (ներկայիս Ստամբուլ) Իսպանիայի հյուպատոս Խուլիան Մարիա դե Առոյոյի և Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոս Անտոնիո դե լա Սիերվա ի Լովիտայի անձնական վկայության բաղկացուցիչ մասը: Այդ փաստաթղթերը միտված են վերածվելու իրավական և քաղաքական արժեք ունեցող փաստերի՝ Իսպանիայում Մեծ Եղեռնի ճանաչմանը խթանելու համար:

103 տարի առաջ, Երիտթուրքերը և նրանց կուսակցությունը՝ Միության և առաջընթացի կոմիտեն, հրամայեցին սպանել ողջ հայկական մտավորականությանը Կոստանդնուպոլսում: Զինաթափեցին տղամարդկանց, նրանց տարան քաղաքից դուրս և գնդակահարեցին: Մնացյալ մասին կախեցին հրապարակավ: Կանայք, դիտարկվելով որպես պատերազմի գործիք, ենթարկվեցին բռնությունների, իսկ երեխաները թաղվեց ջրափոսերում:

1915 թվականի հունվարին Երուսաղեմից Դե լա Սիերվան պետության նախարարին տեղեկացրեց մտահոգիչ թուրքական ծայրահեղականացման մասին: «Օսմանյան կայսրության կապիտուլյացիաների վերացման մասին լուրը առաջացրեց բավարարվածության զգացում մահմեդականների մոտ, իսկ քրիստոնյաների մոտ զգուշավորություն: Նրանք երգում են և բղավում օտարների դեմ, քանի որ այս ցույցերում ատելություն կա քրիստոնյաների նկատմամբ:» (ՊԱԱ, Արտաքին գործերի նախարարություն, Թուրքիա- քաղաքականություն 1914-20. Գործ H2702, nº22).

Կոստանդնուպոլսում հյուպատոս. «Երիտասարդ թուրքերն ասում են, որ իրենք բավարար են ապրելու համար և, որ պետք է վերացնել բոլոր օտարներին. այդպես են վերջ տվել հայերին և հույներին»

Խուլիան դել Առոյոն, գաղտնի հեռագրերից մեկում, հայտնում է իր ափսոսանքը «Ժամանակավոր օրենքի» կապակցությամբ, որը նոր է ընդունվել և ուղղված է հայերի դեմ: «Այն դողեցնում է խեղճ շահառուներին, ովքեր կանխատեսում են, թե թուրքական իշխանությունները ինչպիսի բռնություններ և չարաշահումներ կարող են իրականացնել այդ օրենքի հիման վրա» (loc. cit., թիվ 372):

1915թ. մայիսի 31-ին Օսմանյան նախարարների խորհուրդը որոշում ընդունեց օտարելու հայկական տները և բռնագրավելու նրանց գույքը, հետագայում այն բաժանելով հանրային աճուրդում՝ հայերի վտարումից հետո: Նրանց տները ավելի ուշ զբաղեցվեցին մահմեդականների կողմից:

Կիլիկիայի, Վանի կամ Ադանայի շրջանի հայերը, որոնք վերապրեցին սարսափը՝ փախան Ամման, Բեյրութ, Հայֆա, Երուսաղեմ և Եվրոպա: Վերածվեցին փախստականների: Սակայն, Հալեպ. Ռաքքա, Դամասոկոս կամ Դեր Ձոր տեղանունները այն ժամանակ համակենտրոնացման ճամբարների և հայերի ոչնչացման հոմանիշներ էին: Առ այսօր այդ քաղաքները գտնվում են թոհուբոհի մեջ:

Դել Առոյոն առաջ ընկավ հայերի հարցում, սակայն նույնպես կանխատեսեց Մերձավոր Արևելքում մշտական մասնատումները ծայրահեղականության պատճառով՝ «Տարբեր առիթներով այս երիտասարդ թուրքերի այլատյացության և սանձարձակության վերաբերյալ ուշադրություն եմ հրավիրել: Ասում են, որ իրենք բավարար են ապրելու համար են և, որ պետք է վերացնել բոլոր օտարներին. այդպես են վերջ տվել հայերին և հույներին» (loc. cit., թիվ 458):

Առանց դիտավորության չկա ցեղասպանություն: Երիտասարդ թուրքերն ունեին իրենց պլանավորողները՝ Ահմեդ Ջեմալ (Ծովային նախարար և Սիրիայի Նահանգապետ), Իսմայել Էնվեր (Պատերազմի նախարար) և Մեհմետ Թալեաթ (Ներքին գործերի նախարար): 1916թ. մարտին իսպանական կառավարությունը կարդաց. «Դեռ շարունակվում են հետապնդումները՝ ի հեճուկս բոլոր պետությունների միաձայն բողոքների: Եվ ընդհանրապես տարօրինակ չի լինի, որ, եթե իրադարձությունները չզարգանան հօգուտ երիտասարդ թուրքերի շահերի լիարժեք բավարարման, կրկին որոշում կկայացվի կենդանի մնացած հայերի սպանությունների և բնաջնջման մասին: Կառավարությունը քաղեց իր ծրագրի ողջ արդյունքը. Այն էր՝ սպանել Թուրքիայում ապրող մոտ երկուսուկես միլիոն հայերի» (loc. cit., թիվ 153):

Նմանատիպ ուսումնասիրությունները նպատակ ունեն, որ Իսպանիան հանդես գա որպես միջազգային դերակատար՝ ենթադրելով առավելապես բարոյական, քան քրեական պատասխանատվություն:

Կա ուշագրավ արխիվ, որը վերաբերում է Իսպանիայի և Կոստանդնուպոլսի միջև այն նամակագրությանը, որը նպատակ էր հետապնդում հայ երաժիշտ վարդապետ Կոմիտասի դիվանագիտական պաշտպանությունը և դեպի Վիեննա նրա անվտանգ տեղափոխումը: Թուրքիայից Իսպանիա ուղարկված առաջին խնդրագրում նշված է. «Հայերի հետապնդման և սպանությունների սկզբում Կոմիտասը հոսպիտալացվեց Փոքր Ասիայում, սակայն ի շնորհիվ նրա օգտին Ամերիկայի դեսպանության ձեռնարկած միջոցների, նրան վերադարձրեցին այս մայրաքաղաք» (H3025/4 Քաղաքականություն-Թուրքիա. Գործավարություն Հայ Կոմիտասի օգտին):

Դել Առոյոն հետաքրքրվում է եկեղեցականով և նրան ճանաչում է անձամբ: Մտահոգություն արտահայտելով՝ նա շարունակում է այլ նամակում. «Իմ հարցին պատասխանեց, որ միակ բանը, որ ցանկանում է, դա Վիեննա գնալն է՝ իր հետ տանելով իր ձեռագրերը և հայկական երաժշտության վերաբերյալ իր ուսումնասիրությունները»: Դել Առոյոն Կոմիտասի խնդիրը վերածեց անձնական և օսմանյան իշխանությունների հետ մշտապես քննարկվող հարցի, ընդհուպ նրա փրկության հարցը հասցնելով մինչև ռասիստ Մեհմետ Թալեաթին՝ Հալիլ Բեյի միջոցով:

Երեք շաբաթ անց Դել Առոյոն իմանում է, որ Թալեաթը թուրքական սահմանների ներսում է պահելու Կոմիտաս Վարդապետին հայտնի երաժիշտ լինելու պատճառով: Իր նամակի վերջում նա նշում է. «Գիտեի, որ իմ դիմումին ընթացք չի տրվի, ինչպես այն պատճառով որ այս մտավորականը կարող էր բացահայտել իրականությունը այն սարսափների և հանցագործությունների մասին, որոնք կատարվել են հայերի նկատմամբ, այնպես էլ այն պատճառով, որ ցանկանում են նրանց պահել որպես պատանդ, որպեսզի որևէ օր կարողանան հագեցնել այն ատելությունը, որ զգում են հայերի հանդեպ»:

Իսպանիան պաշտոնապես չի ճանաչում Հայերի նկատմամբ ցեղասպանությունը: Սակայն դա արել են Բալեարյան, կատալոնական, նավառական և բասկյան խորհրդարանները: Այսպիսի հետազոտությունները նպատակ են հետապնդում, որ Իսպանիան դառնա միջազգային դերակատար՝ ենթադրելով առավելապես բարոյական, քան քրեական պատասխանատվություն: Փորձ է կատարվում որպեսզի Իսպանիան մի քայլ կատարի հիշատակի հարգման ուղղությամբ և տեղ գտնի այն առաջադեմ եվրոպական և ամերիկյան պետությունների շարքում, որոնք արդեն ճանաչել են: Վերջերս գերմանական և հոլանդական խորհրդարանները ճանաչեցին ցեղասպանությունը՝ թուրքական ծանր սպառնալիքների ներքո: Այդ սպառնալիքները հօդս ցնդեցին:

Իվան Գաստանյագա Գոնսալեսը քաղաքագետ է, Գրանադայի համալսարանի դոկտոր և Բելմոնտի (ԱՄՆ) Հայկական գիտությունների և հետազոտության ազգային ասոցիացիայի ու Երևանի Ցեղասպանության Թանգարանի հետազոտող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30