Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Մալթայում ներկայացրեց Ռիմսկի-Կորսակովի և Շորի ստեղծագործությունները

Ապրիլ 25,2018 10:34

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 23-ի համերգը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ուղիղ եթերում հեռարձակեց դասական երաժշտության առաջատար հեռուստաալիքներից մեկը՝ «Մեդիչի» հեռուստաընկերությունը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը կատարեց ռուս կոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի չորս մասից բաղկացած «Շեհերազադե» սիմֆոնիկ պոեմը։ Ջութակի մենանվագը՝ Կարմեն Լաուրիի։ «Շեհերազադեն» ոչ միայն Ռիմսկի-Կորսակովի, այլև համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության լավագույն գործերից է։ Կոմպոզիտորն այն գրել է 1888 թվականին, ըստ «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթների։ Երեկոյի ընթացքում հնչել է նաև մալթյան փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորի՝ Ալեքսեյ Շորի «Ճամփորդական նոթեր» կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ Դենիս Կոժուխին)։

Դաշնակահար Դենիս Կոժուխինը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա նշում է, որ մեծ ուրախություն է գտնվել կոմպոզիտորի կողքին, ում երաժշտությունը կատարելու է։ «Ինձ շատ հոգեհարազատ են Ալեքսեյ Շորի երաժշտական պատկերացումներն ու տպավորությունները այն վայրերի մասին, որտեղ նա ճամփորդել է։ Սա դասական կոմպոզիտորների գեղեցիկ ավանդույթներից է, և հաճելի է տեսնել, որ այն շարունակվում է։ Այս կոնցերտում դաշնամուրն ու նվագախումբը մի հիանալի երկխոսության մեջ են, և այդ երկխոսությունը ունկնդրին պարուրում է խաղաղությամբ»,- իր զգացումները ներկայացնելով կոնցերտի մասին՝ ասաց Դենիս Կոժուխինը։

Խոսելով փառատոնից իր տպավորությունների վերաբերյալ՝ դաշնակահարը նշեց, որ չնայած առաջին անգամ է Մալթայում, զգում է իրեն ինչպես տանը, ընտանիքի անդամների հետ, որոնց մի մասին արդեն գիտի, մյուսների հետ մեծ հաճույքով կծանոթանա։

Նշենք, որ ապրիլի 23-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող Հայաստանի մշակութային օրերի հերթական միջոցառումը նվիրված էր Տիգրան Մանսուրյանի արվեստին։ Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ջութակահար Ֆիլիպ Օռլովը, ալտահար Նադյա Դեբոնոն և թավջութակահար Պիտեր Ֆլենեգենը ներկայացրին Մանսուրյանի ստեղծագործությունները։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ ելույթը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր է։ Նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

Իսկ ապրիլի 23-ի համերգի տեսագրությունը «Մեդիչի» հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել հետևյալ հղմամբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30