ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր վարչապետ ընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսվում է Ազգային ժողովի արձակման և հետևաբար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման երկու դեպք՝ երբ Ազգային ժողովը չի կարողանում ընտրել վարչապետ, և երկրորդ՝ երբ Ազգային ժողովը չի հաստատում կառավարության ծրագիրը: Երկու դեպքում էլ խորհրդարանը արձակվում է իրավունքի ուժով:
Հիմա մի պահ պատկերացնենք, թե քաղաքական ինչ կոնֆիգուրացիայի դեպքում է հնարավոր, որ Նիկոլ Փաշինյանին ներկա խորհրդարանը ընտրի վարչապետ: Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու կարող է առաջադրել «Ելք» խմբակցությունը, որը խորհրդարանում ունի ընդամենը 9 պատգամավոր, իսկ վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ է ևս 44 պատգամավորի աջակցություն, քանի որ վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 պատգամավորի կողմ քվեարկություն: Այդ 44 պատգամավորից 31-ը կարող են լինել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները:
«Ծառուկյան» դաշինքը խորհրդարանի միակ խմբակցությունն էր, որը մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականի հրապարակումը պաշտոնապես հայտարարեց, որ միանում է համաժողովրդական շարժմանը: Ավելին՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները այդ հայտարարությունից հետո Հանրապետության հրապարակում էին: Միանալով համաժողովրդական շարժմանը՝ «Ծառուկյան» դաշինքը իր վրա է վերցրել նաև համաժողովրդական շարժման առաջնորդին պաշտպանելու գործը: Դատելով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից՝ չի բացառվում, որ «Ծառուկյան» դաշինքի որոշ ներկայացուցիչներ կարող են ներկայացված լինել ժամանակավոր կառավարությունում:
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում