Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հիշում ենք 1915 թվականի սարսափելի իրադարձությունները». Դոնալդ Թրամփն էլ խուսափեց «Ցեղասպանություն» բառից

Ապրիլ 25,2018 00:43

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ամենամյա ուղերձով։

«Անցյալի ցավոտ դրվագների ընդունումն ու ճանաչումն առավել հանդուրժող ապագա ստեղծելու անհրաժեշտ քայլեր են», ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասված է հայտարարության մեջ:

«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի առավել սարսափելի դաժանություններից մեկը, որի ընթացքում Օսմանյան Կայսրության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր ենթարկվել են կոտորածի, արտաքսվել եւ իրենց մահկանացուն կնքել անապատում», – ասված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այսօր տարածված հայտարարության մեջ:

«Մենք հիշում ենք 1915 թվականի սարսափելի իրադարձությունները եւ ցավում կորսված կյանքերի համար», – նշում է Միացյալ Նահանգների նախագահը՝ խուսափելով Մեծ Եղեռնը «Ցեղասպանություն» անվանելուց:

Դոնալդ Թրամփը նաեւ կոչ է անում այսօր հիշել այն խիզախ անձանց, ովքեր Մեծ Եղեռնի տարիներին մարդկանց կյանքեր են փրկել, տուժածներին օգնություն տրամադրել: Նրանց թվում է Օսմանյան Կայսրությունում այն տարիներին ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն, ով ամեն կերպ փորձում էր կանգնեցնել Եղեռնը։ Նրանց թվում է նաեւ հայ ժողովրդին օգնություն տրամադրած Մերձակա Արեւելքի օգնության կազմակերպությունը։

«Մենք խորը հարգանքով ենք հիշում հայ ժողովրդի տոկունությունը, մարդիկ, որոնցից շատերը նոր կյանք են կառուցել Միացյալ Նահանգներում եւ հսկայական ներդրում ունեցել մեր երկրի կառուցման մեջ», – նշված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ:

Հիշելով տուժածներին՝ մենք նաեւ վերահաստանում ենք վայրագությունների կրկնումն ապագայում թույլ չտալու մեր պատրաստակամությունը, ընդգծում է Դոնալդ Թրամփն իր հայտարարության մեջ: «Ընդգծում ենք, որ անցյալի ցավոտ դրվագների ընդունումն ու ճանաչումն առավել հանդուրժող ապագա ստեղծելու անհրաժեշտ քայլերն են: Այսօր մենք կանգնած ենք աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողքին՝ հարգելով զոհերի հիշատակը եւ հայտնելով միասնաբար աշխատելու պատրաստակամություն՝ առավել լավ ապագա կառուցելու համար», – ասված է հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունները՝ Ամերիկայի Հայկական Համագումարն ու Հայ Դատի Հանձնախումբը քննադատության են ենթարկել հայտարարության մեջ «ցեղասպանություն» եզրը չօգտագործելու նախագահ Թրամփի որոշումը՝ այդ քայլը համարելով կորսված հնարավորություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30