Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետգույքի կառավարման վարչությունը խաբել է կառավարությանը

Ապրիլ 25,2018 13:30

Վարչական դատարանում որոշ փաստաթղթերին կողմերը չէին ծանոթացել, այդ պատճառով նիստը նշանակվել էր ապրիլի 23-ին: ՀՀ կառավարության կողմից նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով դատարան էին ներկայացվել պետգույքից Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի 23 հասցեում գտնվող «Ակուստիկայի հանրապետական գիտական կենտրոնում» տարածքն օտարելու մասին վարույթի բոլոր նյութերը: Վարչական գործին էր կցվել գիտական կենտրոնի շենքի նոր տնօրեն Տարոն Տոնոյանի իրավունքի գրանցման վկայականի պատճենը:

Հիվանդանոց կառուցելու պատճառաբանությամբ «Ակուստիկայի հանրապետական գիտական կենտրոնում» սկսվել են շինարարական աշխատանքներ: Կենտրոնի հիմնադիր, կենսաբանական գիտությունների թեկնածու Աշոտ Առաքելյանի հայցը վարչական դատարանում է:

Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Բալյանի պահանջը մեկն է՝ վիճելի հասցեում գտնվող 1253.5քմ մակերեսով շենքը եւ 0.07966 հա հողամասն օտարելու մասին ՀՀ կառավարության 14.09.2017թ. թիվ 1126-Ա որոշումն անվավեր ճանաչել: Դատավորը Մերի Համբարձումյանն է, իսկ շենքի գնորդ Տարոն Տոնոյանի ներկայացուցիչը՝ Արմեն Օհանյանը:

Պետգույքի կառավարման վարչության ներկայացուցիչը Արկադի Պետրոսյանն է: Տեղեկացանք, որ հունվարի 24-ին հայցվոր կողմը ներկայացրել էր միջնորդություն հայցի ապահովում կիրառելու մասին, այն է՝ դադարեցնել շինաշխատանքները, սակայն դատարանի որոշմամբ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու միջնորդությունը մերժվել էր:

Ծանոթանալով գործի նյութերին, Աշոտ Առաքելյանը պարզել էր, որ ՀՀ կառավարությունն անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին որոշում է կայացրել պետական գույքն օտարելու մասին:

«Գործն ուսումնասիրելիս նկատելի է, որ տեղի են ունեցել չարաշահումներ: Շենգավիթի համայնքում 3 հարկանի շենքը չէր կարող արժենար 16 842 475 ՀՀ դրամ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Ա. Սահակյանը ՀՀ կառավարության աշխատակազմին եւ ՀՀ առողջապահության նախարարին գրությամբ տեղեկացրել է, որ իբր Երեւանի Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի 23 հասցեում պարբերաբար իրականացրել են տեղազննություններ, որի արդյունքում պարզել են, որ իբր շենքը փաստացի զբաղեցված չէ, գտնվում է կիսավեր վիճակում»,-գրել է ՀՀ ոստիկանապետին ակուստիկայի կենտրոնի հիմնադիր Աշոտ Առաքելյանը: Այդ գրության մասին նա տեղեկացրել է նաեւ վարչական դատարանին:
Ըստ Ա. Առաքելյանի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը սխալ տեղեկատվություն է տրամադրել, որովհետեւ. «Նախ իրենց կողմից պարբերաբար տեղազննություններ չեն եղել: Նշեմ, որ անցյալ տարվա օգոստոսին ՀՀ առողջապահության նախարարը նույնիսկ նշել է, որ ակուստիկայի գիտական կենտրոնի աշխատակիցների եւ գույքի այլ վայր տեղափոխման համար կպահանջվի երկու ամիս: Կասկածվում է, որ «Ֆլորենս աճուրդի տուն» ՍՊԸ տնօրեն Ա. Չիլինգարյանի կողմից 16.02.2017թ. նույնպես կատարվել է կեղծ գույքի շուկայական արժեքի գնահատում: Ա. Չիլինգարյանը երբեք չի այցելել ակուստիկայի գիտական կենտրոն, մեզ չի ներգրավել գույքի գնահատմանը, չի իրականացվել գույքի գնահատում»:
Ի դեպ, փորձագետը նշել էր, թե իբր այդ շենքում ինժեներական սարքեր չկան: Այնինչ, ըստ հիմնադրի, անշարժ գույքը հագեցած է համապատասխան սարքավորումներով, որոնք հանդիսանում են այդ գույքի անբաժանելի մասը:

Հիմնադիրը պահանջում է նաեւ քրեական գործ հարուցել այս կապակցությամբ:
Փաստաբան ներկայացուցիչը՝ Լիանա Բալյանը, միջնորդեց դատարանին, որպեսզի անցկացվի շինարարատեխնիկական փորձաքննություն, որը պետք է պարզի, թե որքան է անշարժ գույքի շուկայական արժեքը, այդ գույքն ունի՞ ակուստիկ նշանակություն, թե՞ ոչ:
Փաստաբանը մայիսի 29-ին նշանակված նիստում հանդես կգա հայցադիմումի լրացմամբ:
Հիշեցնենք, որ հայցվոր կողմը պահանջել էր անվավեր ճանաչել վիճելի շենքի նկատմամբ Տարոն Տոնոյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել, պետական գույքի օտարման եւ գրավի պայմանագիրը, նաեւ շինարարության թույլտվությունը: Ի դեպ, այդ թույլտվությունը Երեւանի քաղաքապետարանի կողմից էր:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

24.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30