Կոմպոզիտորը հավաստիացնում է, որ մշակույթի նախարարին ուղղված իր նամակը ներկայացվել է իբրեւ բողոք
«Առավոտը» հյուրընկալել էր կոմպոզիտոր Աշոտ Բաբայանին:
Արվեստագետը տեղեկացրեց, որ իր «Շուշիի վերադարձը» կանտատը, «Մոնթե» սիմֆոնիան, «Հաղթական» ռեքվիեմը ժամանակին ներկայացրել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին, թատրոնի երգչախմբի, նվագախմբի եւ մեներգիչների մասնակցությամբ մեկնաբանելու համար, ստացել նրա դրական կարծիքը՝ նշյալ ստեղծագործությունները Եռատոնին նվիրված մեկ համերգում հնչեցնելու մասին: Ի դեպ, փետրվարին տեղի է ունեցել օպերային թատրոնի գեղխորհրդի նիստ, քննարկվել է կոմպոզիտորի ներկայացրած այս համերգային ծրագիրը:
«Եռատոն միայն մեր ժողովուրդն ունի եւ դա մեր ազգային հպարտությունն է: Անկեղծ ասած, թող ներեն գործընկերներս, միայն ես նման ծրագիր ունեմ: Այն նվիրված է մեր ազգի ամենամեծ արժեքներին՝ հաղթանակներին՝ Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի հաղթանակներին եւ Արցախի բանակի ստեղծմանը»,- նշեց կոմպոզիտորը:
Քանի որ ծրագիրը մեծ է (կոմպոզիտորի խոսքերով՝ համարյա օպերա), իրականացմանն աջակցելու ակնկալիքով Աշոտ Բաբայանը մոտ մեկ ամիս առաջ դիմել է ՀՀ մշակույթի նախարարին, սակայն մինչ օրս որոշակի պատասխան չի ստացել: «Որոշ կոնսերվատիվ ուժեր պրովոկացիա են կատարել՝ նախարարին գրածս նամակը ներկայացնելով որպես բողոք մաեստրո Օրբելյանի դեմ: Մինչդեռ իմ նամակում նման բան չկա»,- վրդովված ասաց կոմպոզիտորը: Նրա համոզմամբ՝ պրովոկացիան ոչ թե իր դեմ է, այլ մեր հաղթանակների, մեր ազգային երաժշտության զարգացման, քանի որ երաժշտարվեստը զարգանում է հենց այսպիսի ժանրերով (նկատի ունի վերոնշյալ իր ստեղծագործությունները):
«Պարոն Ամիրյանի հետ հանդիպման ժամանակ նշել եմ, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հաջողությունը ոչ միայն սովետական թնդանոթներով էր պայմանավորված, այդ թնդանոթներից, տանկերից, ինքնաթիռներից գերմանացիներն էլ ունեին, այլեւ՝ Շոստակովիչի 7-րդ, Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիաներով ու նման բազմաթիվ ստեղծագործություններով, որոնք բարձրացրին սովետական զինվորի ոգին: Զինվորը հասկացավ հանուն ինչ արժեքների է կռվում, ինչ է հայրենիքը… Այդ ժամանակաշրջանում գերմանացիները նման արժեքներ չստեղծեցին: Այնպես որ, ազգային արվեստի դերը բոլոր ժամանակներում, այսօր էլ, խիստ կարեւոր է… Այսօր գտնվում ենք պատերազմական վիճակում, անհրաժեշտ են բանակին, ազգին ոգեւորող ազգային, հայրենասիրական ներկայացումներ կամ համերգներ»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Ժամանակին «Առավոտի» հետ հարցազրույցոււմ Էդվարդ Միրզոյանը Աշոտ Բաբայանի «Մոնթե» սիմֆոնիայի մասին ասել է. «Այս սիմֆոնիան ժամանակակից հայ երաժշտության ուշագրավ ստեղծագործություններից է: Ազգային ավանդույթներին ստեղծագործորեն մոտեցումը, անաղարտ ճաշակը, նվագախմբի հնարավորությունների, արտահայտչամիջոցների գերազանց տիրապետումը վկայում են սիմֆոնիայի անվիճելի գեղարվեստական արժանիքների մասին»: Իսկ Ղազարոս Սարյանը մի առիթով գրել է. «Սիմֆոնիան մեծ գեղարվեստական հետաքրքրություն է ներկայացնում, գրված է բարձր պրոֆեսիոնալ մակարդակով: Միանգամայն տեղին եւ համոզիչ են կոմպոզիտորի կողմից կիրառված ժամանակակից արտահայտչամիջոցները»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
24.04.2018
Եվ այդ մարդիկ, ովքեր գեղ. խորհրդի կազմում են, իրենց արվեստագե՞տ են համարում՝ մոռանալով, որ իրենք էլ քաղաքացի են և այդ Հաղթանակները, նաև, իրենցն է …