Ապրիլի 20-22-ը Ստամբուլում կայացել է կարատեի WSF վարկածով աշխարհի իններորդ առաջնությունը, որին մասնակցել է 45 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:
Մեր երկիրը ներկայացնող աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը ունեցել է չորս մենամարտ: 1/8-րդ եզրափակչում մեր մարզիկը պայքարից դուրս է թողել ռումինացուն: Քառորդ եզրափակչում Ունանյանի մրցակիցը եղել է Ադրբեջանը ներկայացնող Արիվ Մամադովը: Մենամարտում Ունանյանը արհեստական դժվարություններ է ունեցել, քանզի եղել է ճնշում երկրպագուների կողմից և կողմնակալ մրցավարություն: Սակայն հայ մարզիկը նրան տապալել է վերջին 30 վայրկյանում, մտել կիսաեզրափակիչ եւ հաղթահարելով նաեւ իրանցի Առաշ Պիռֆալակի արգելքը՝ եզրափակչում հանդիպել է բուլղարացի Իվայլո Պետկովին: Վստահ հաղթանակ տանելով՝ Կամո Ունանյանը նվաճել է WSF վարկածով կարատեի աշխարհի չեմպիոնի կոչումը:
Aravot.am-ի աղբյուրը տեղեկացնում է, որ Կամո Ունանյանը Ստամբուլում հանդես է եկել կողոսկրի լուրջ վնասվածքով, որն ստացել էր ապրիլի 7-ին Գերմանիայում կայացած WKF վարկածով միջազգային մրցաշարում, որտեղ նույնպես հաղթել էր: Սակայն Ունանյանը գնացել էր ռիսկային քայլի, որպեսզի Ստամբուլում ի հիշատակ հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի՝ բարձրացնի Հայաստանի դրոշը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ