Լրահոս
Օրվա լրահոսը

«Քայլ արա, արի տուն». Ռուսաստանաբնակ գործարար Վարդան Նադարյանի արձագանքը՝ հեղափոխությանը

Ապրիլ 24,2018 23:03

Արդեն երկու օր է Հայաստանում է ռուսաստանաբնակ գործարար Վարդան Նադարյանը, որը լսելուն պես, որ Հայաստանում ժողովուրդը ոտքի է կանգնել եւ պարտադրել է Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, եկել է՝ իր աջակցությունը հայտնելու:

Aravot.am-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ պատրաստվում է Պերմից, որտեղ գործունեություն էր ծավալում, վերադառնալ Հայաստան ու այստեղ բիզնեսներ դնել. «Ես արել եմ իմ քայլը եւ եկել եմ, թող ամեն մեկն անի իր քայլը: Հայաստանում մթնոլորտ է փոխվել, մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել: Ես ողջունում եմ մեր հաղթանակած ժողովրդին ու հատկապես՝ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմակիցներին: Այս հաղթանակը մեզ շատ էր պետք: Մեր ժողովուրդը շատ է տառապել, շատ զրկանքներ է տեսել ու սա արդեն վերջն էր:

Վերջին տասնամյակում բռնակալների մեղքով Հայաստանը մոտ 7 մլրդ դոլարի արտաքին պարտք է կուտակել ու դա մեր նոր սերնդի ուսերին է ծանրանալու, 1,5 մլն մարդ արտագաղթել է այս տարիներին, ունեցել ենք Մարտի 1, քառօրյա պատերազմ, 800 հա տարածք կորցրեցինք, որի համար որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց, երկրի բոլոր ստրուկտուրաներում կոռուպցիան խեղդում է, միայն պաշտոնական տվյալներով բնակչության 30 տոկոսը աղքատ է, տնտեսությունը՝ քայքայված: Ու այսօր այս հաղթանակը թունելի վերջում նոր լույս է բացում: Սա նոր էջ է մեզ համար՝ մեր երազած Հայաստանը կառուցելու՝ օրինավոր, ուժեղ, այնպիսի Հայաստան, որի հետ հաշվի կնստեն բոլոր պետությունները: Ու այս հաղթանակի համար ես հոգով, սրտով ողջունում եմ մեր նոր սերնդի երեխաներին՝ այն ուսանողությանը, դպրոցականներին, որոնք գիշեր-ցերեկ պայքարելով քայլ առ քայլ մեզ բերեցին այս սպասված հաղթանակը»:

Գործարարը կոչով դիմեց արտերկրում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին, իր բոլոր ընկերներին՝ հորդորելով վերադառնալ. «Քայլ արա, արի տուն: Ես կոչ եմ անում սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին վերադառնալ: Մենք միասին քարը քարի վրա դնելով պետք է կառուցենք մեր Հայաստանը: Ես վստահեցնում եմ, այն Հայաստանը, որը կար վերջին 10-15 տարիներին, այդ Հայաստանն այլեւս չկա, սա ուրիշ Հայաստան է, վերադարձե՛ք տուն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30